Գլխավոր Ուսուցողական նյութեր Հրշեջների աջակցության «Կապույտ խաչի» միությունը

Հրշեջների աջակցության «Կապույտ խաչի» միությունը

2761
Տարածել

Հրդեհային մասնագետների փոխօգնության համառուսական միության՝ «Կապույտի խաչի» միության նամակը քաղաքային իշխանություններին

1899 թ, նոյեմբերի 13

Իր երկամյա գործունեության կապակցությամբ «Կապույտ խաչի» միությունը, նպատակ ունենալով դժբախտ պատահարներից ապահովագրելու հրդեհային գործի ներկայացուցիչներին, անհրաժեշտ է համարում իրենց ենթակայության տակ հրշեջ խմբեր, միություններ ունեցող կառույցներին իրազեկել Միության կատարած աշխատանքների մասին։

Միությունն սկսել է գործել 10 հազար ռուբլի ներդրումով։ Իր գործունեության ընթացքում հաշվեկշիռը հասցրել է 24 հազար ռուբլու, որից 4 հազարը կազմակերպչական ծախսերն են եղել, գրեթե նույնքան՝ պարգեւավճարները եւ այլն։ Հաշվի առնելով այս տարվա դժբախտ պատահարների պատճառով հնարավոր ծախսերը՝ լիահույս ենք, որ Միությունը հաջորդ տարի միջոցներ կունենա նաեւ աջակցության եւ նպաստի համար, որը կտրամադրվի անդամների մահվան, հիվանդությունների եւ այլ դեպքերում։ Ակնհայտ է Միության առավելությունը բաժնեմասային կազմակերպությունների նկատմամբ, որոնք իրականացնում են դժբախտ պատահարներից հրշեջների ապահովագրություն։ Միության անդամավճարները համեմատաբար քիչ են բաժնեմասային ապահովագրական ընկերություններում արվող ծախսերից։

Միության անդամների՝ հրշեջ խմբերի, միությունների եւ այլ հրդեհային կազմակերպությունների թիվը հասնում է 60-ի, թվով՝ մոտ 4 հազար հոգի։ Միության տրամադրած պարգեւավճարների ընդհանուր չափը կազմում է 1,6 միլիոն ռուբլի. հրշեջ ողջ ջոկատի տուժելու դեպքում սահմանվել է առավելագույնը 100 հազար ռուբլի, մեկ հոգու մահվան դեպքում՝ 1000 ռուբլի, ամբողջովին անաշխատունակության դեպքում՝ 1000 ռուբլի, ժամանակավոր անաշխատունակության դեպքում՝ օրական 1 ռուբլի։

Միության գործունեության ընթացքում գրանցվել է 11 դժբախտ պատահար, որոնցից 6-ի դեպքում տրամադրվել է աջակցություն, իսկ մյուսների մասին դեռ տեղեկություններ են հավաքվում։ Ցավով պետք է նշենք, որ ընթացիկ տարում մեծ աղետից տուժած Ժիտոմիրսկի եւ Մոսկվայի հրշեջ ջոկատները չեն հանդիսացել Միության անդամ։ Որոշ դեպքերում «Կապույտ խաչի» միջնորդությամբ հրդեհային գործով զբաղվող մասնագետները մասնավոր ընկերություններում ապահովագրություն են ստացել իջեցված սակագներով։

Հաշվի առնելով այս նկարագիրը՝ ցանկալի կլիներ, որ հրդեհային հաստատություններն ավելի լայնորեն օգտվեին հարազատ միության ծառայություններից։ Միության մասին տեղեկություն կարելի է ստանալ կարգադիր Կոմիտեից (Պալատական առափնյա փողոց 22, հեռախոսահամար՝ 2632)

Գլխավոր ղեկավարության նախագահ՝ կնյազ ԱԼվով

Կարգագիր կոմիտեի նախագահ՝ Դ Ստրուկով

Մեջբերումներ «Կապույտ խաչի» ընկերության կանոնակարգից

  • 25

Միության անդամները, ի դեմս իրենց ենթակայության տակ գտնվող հրշեջների, իրավունք ունեն Միությունից ստանալ աջակցություն

ա) դժբախտ պատահարներից տուժածների եւ նրանց ընտանիքների համար

բ) աշխատունակությունը կորցնելու եւ մահվան դեպքում, եթե մահը վրա է հասել ծառայության ընթացքում

գ) անհատույց նպաստների ձեւով՝ համաձայն § 70-81-ի դրույթների

  • 31

Միության եկամտի մի մասը աջակցության եւ նպաստների կապիտալ է։

  • 32

Աջակցության կապիտալը նախատեսված է դժբախտ պատահարներից տուժած հրշեջ խմբերի ղեկավարների համար՝ ոչ ներառյալ Միության կողմից տրամադրվող պարգեւավճարները։ Այս հարցով տարեվերջյան ամփոփման ժամանակ հատկացվում է ընդհանուր կապիտալի մեկ երրորդից ոչ ավելին, որը չօգտագործվելու դեպքում ընդգրկվում է հաջորդ տարվա ծրագրում։

  • 35

Հատուկ կապիտալները ձեւավորվում են հատուկ նվիրատվություններից եւ բաշխվում նվիրատուների կողմից նշված նպատակով։

  • 80

Նպաստ տրամադրվում է

  • Աշխատունակությունը կորցրած եւ նյութական օգնության կարիք ունեցող հրշեջներին
  • Ծառայության ընթացքում մահացած հրշեջի այրուն եւ զավակներին
  • 81

Հրշեջին նպաստ տրամադրելու համար դիմում է ներկայացնում նրա հրշեջ ջոկատի ղեկավարը՝ նշելով հստակ պատճառները։ Դիմումին կցվում են ծառայության վկայական եւ անաշխատունակությունը հաստատող փաստաթուղթ՝ հաշմանդամության կարգի վկայական, մահվան դեպքում՝ մահվան վկայական։

  • 82

Հաշվի առնելով բոլոր տեղեկությունները՝ գլխավոր տնօրինությունը որոշում է նպաստի չափը։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Արխիվային փաստաթղթերը տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը։ Լուսանկարում «Կապույտ խաչի» միությանը հանգանակությունների ցուցակն է:

Կարդացեք նաեւ՝

Հրդեհային պաշտպանության պատմությունից

Հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները՝ ցարական Ռուսաստանում

Հրդեհային տեխնիկների ուսուցումը՝ ցարական Ռուսաստանում. Մաս 1

Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ Մաս 2