Գլխավոր ՀՀ ԱԻՆ Նախագիծ վասն վերելակների անվտանգության

Նախագիծ վասն վերելակների անվտանգության

3092
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման եւ  պետական կարգավորման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

Ըստ նախարարության, Հայաստանի հանրապետության բազմաբնակարան շենքերում շահագործվող եւ անմխիթար վիճակում գտնվող վերելակային տնտեսության մեջ առկա հիմնախնդիրներից ամենավտանգավորը վերելակների տարիքն է: Մայրաքաղաքի եւ մարզերի համայնքների բազմաբնակարան շենքերում շահագործվող 5330 վերելակի գերակշռող մասի սահմանված ծառայության ժամկետը սպառված է` գերազանցում է 25 տարին, առանձին դեպքերում նույնիսկ 50 տարին: Այս վերելակները նորերով չփոխարինելու դեպքում կարող են վերածվել, կամ արդեն վերածվել են շահագործող անձնակազմի, բազմաբանակարան բնակելի շենքերի բնակիչների համար վտանգավոր ռիսկերի, տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի եւ այլ ռիսկերի ծագման հնարավոր հավանական աղբյուրների:

Այլ խնդիրներ էլ կան. տեխնիկական անվտանգության տարեկան փորձաքննություն չի անցնում շահագործման մեջ գտնվող վերելակների 18 տոկոսը, բազմաբնակարան շենքերի առաջին եւ երկրորդ հարկերի բնակիչների, երբեմն նաեւ երրորդ եւ նույնիսկ չորրորդ հարկերի բնակիչների հրաժարվում են կատարել վերելակի էլեկտրաէներգիայի ծախսի համար վճարումներ, պատճառաբանությամբ որ չեն օգտվում վերելակից եւ այլն:

Նախագծի հիմնավորման համաձայն, անհրաժեշտ է, որպեսզի անցյալ դարի կեսերից մինչեւ օրս Հայաստանի հանրապետությունում շահագործվող վերելակային տնտեսության համար նպատակաուղղված հատուկ քաղաքականություն իրականացվի եւ մշակվի երկարաժամկետ միջոցառումների ծրագիր՝ վերելակները միջազգային նորմերով սահմանված անվտանգության պահանջներին համապատասխան նորմերով եւ նոր վերելակներով փոխարինելու: 

Հայեցակարգի հիմնական նպատակը բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման տիրույթից վերելակների առանձնացումն է: Հայեցակարգի ընդունման դեպքում վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության պահանջները կհամապատասխանեն Եվրոպական միության (ԵՄ), Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)՝ միջազգային եւ միջպետական նորմերին ու չափանիշներին, կկանխվեն ու կբացառվեն վերելակների շահագործման  հետ կապված տեխնածին վթարները, դժբախտ դեպքերն ու  պատահարները:

Հայեցակարգը կյանքի կոչելու համար փոփոխություններ կարվեն մի շարք օրենքներում, կընդունվեն նոր օրենքներ՝ ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ, «Վերելակների անվտանգության և կուտակային վերելակային ավանդի մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքների ընդունում եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ