Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ջրափրկարարները պատրաստ են մարտական հերթապահության, բայց հորդորում են խստորեն հետեւել անվտանգության կանոններին

Ջրափրկարարները պատրաստ են մարտական հերթապահության, բայց հորդորում են խստորեն հետեւել անվտանգության կանոններին

3646
Տարածել

Չնայած Հայաստանում նոր կորոնավիրուսի պատճառով հայտարարված սահմանափակումներին՝ ամառային լողասեզոնին չի դադարում մարդկանց հոսքը դեպի Սեւանա լիճ։ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ հուլիսի 17-ից օգոստոսի 31-ը Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը երեք հանրային լողափերում կապահովի հանգստացողների անվտանգությունը։

Ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Ճզմաչյանի խոսքով՝ նույնիսկ ոչ աշխատանքային օրերին վաղ առավոտից լողափերում տասնյակ մարդիկ կան։ Փրկարարներն արդեն սկսել են նոր լողանշանների տեղադրումը, մոտորանավակները բերվում են մարտական տեսքի։ Ձեռք է բերվել երեք շարժական վագոն-տնակ, որոնք այսուհետ կփոխարինեն ոչ շարժական հենակետերին։ «Ամեն տարի տնակները վերանորոգում էինք, իսկ հաջորդ լողասեզոնին գտնում ամբողջովին թալանված։ Շարժական վագոն-տնակներն այսուհետ ապահով կկայանեն ջոկատի տարածքում»,- նշում է հրամանատարը։

Տարեսկզբից Սեւանա լճում գրանցվել է քաղաքացու ջրահեղձության 5 դեպք, 4-ը հայտնաբերվել են։ Մեկի որոնողական աշխատանքները շարունակվել են 15 օր Սեւանա լճի ամենախոր հատվածում՝ գործի դնելով մարդկային ուժն ու երեք ջրասուզական տեսախցիկ, առժամանակ կասեցվել են՝ պայմանավորված նոր տվյալների անհրաժեշտությամբ։ Լճում ջրահեղձված մյուս քաղաքացու որոնումը տեւել է 30 օր։

Այլ ջրային տարածքներից՝ Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում, դուրս է բերվել ջրահեղձված 5 քաղաքացի։ Պատճառները՝ անզգուշություն, ինքնասպանության փորձ։

Թեեւ ջրափրկարարական ողջ անձնակազմը պատրաստ է մարտական հերթապահության, այդուհանդերձ Արմեն Ճզմաչյանը հորդորում է քաղաքացիներին դրսեւորել բարձր պատասխանատվություն եւ խստորեն հետեւել անվտանգության կանոններին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն ՃԶՄԱՉՅԱՆԸ, մշակումը՝ Քրիստինե ԱՌԱՔԵԼՅԱՆԻ