Գլխավոր Վերլուծություն Մեկնարկել է «Հիվանդանոցների անվտանգություն եւ արտակարգ իրավիճակներին արձագանքնելու պատրաստվածություն» ծրագիրը

Մեկնարկել է «Հիվանդանոցների անվտանգություն եւ արտակարգ իրավիճակներին արձագանքնելու պատրաստվածություն» ծրագիրը

3701
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ֆինանսավորմամբ, Հայաստանի առողջապահության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների անմիջական ներգրավվածությամբ եւ աջակցությամբ սկսել է նոր՝ «Հիվանդանոցների անվտանգություն եւ արտակարգ իրավիճակներին արձագանքնելու պատրաստվածություն» ծրագիրը, որը ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «COVID 19-ին արագ արձագանման միջոցներ» ծրագրի բաղադրիչն է։ Նպատակը՝ հզորացնել բժշկական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման կարողությունները: Արդեն իսկ ընտրվել են Վաղարշապատի, Իջեւանի բժշկական կենտրոնները եւ Երեւանի՝ պրոֆեսոր Ռ․ Օ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը։

Սա պիլոտային է ծրագիր է, վերջնարդյունքում ստեղծվելու է բուժհաստատությունների ԱՌԿ կարողությունների զարգացման օրինակելի մոդել, որը հետագայում կներդրվի նաեւ մյուս հաստատություններում։

Նախատեսվում է՝

  1. Առողջապահության նախարարության փորձագետների մասնակցությամբ իրականացնել շենքերի ուսումնասիրություն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Հիվանդանոցային անվտանգության ինդեքս» մեթոդաբանությամբ։
  2. Փորձարկել «Բժշկական հաստատությունների օրինակելի ԱՌԿ պլանը», որը մշակել է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Այն կներկայացվի շահագրգիռ կառույցների քննարկմանը, ապա՝ իրավասու կառուցների հաստատմանը։
  3. Իրականացնել բուժհաստատությունների սեյսմիկ խոցելիության գնահատում՝ համապատասխան մասնագիտացված կառույցի կողմից:
  4. Իրականացնել ԱՌՆԱՊ համապատասխան թեմատիկ խմբի ընթացիկ հանդիպումներ, երկրաշարժի եւ համավարակի թեմաներով դասընթացներ, շտաբային վարժանքեր ընտրված բուժհաստատություններում։

Հունիսի 25-27-ն առաջին գործնական աշխատանքներն են իրականացվել Վաղարշապատի հիվանդանոցում։ Առողջապահության նախարարության համապատասխան աշխատանքային խումբն ուսումնասիրել է հիվանդանոցի անվտանգությանը սպառնացող վտանգները, հիվանդանոցի շենքերի կառուցվածքային եւ ոչ կառուցվածքային անվտանգության մակարդակը՝ հիմքեր, սյուներ, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, օդափոխություն եւ այլն, արտակարգ իրավիճակներում հիվանդանոցի կառավարման համակարգը։ Վերլուծության ավարտից հետո ԱԻՆ եւ ԱՌՆԱՊ հիմնադրամի փորձագետները կմշակեն հիվանդանոցի աղետների կառավարման պլանը՝ նոր մոտեցմամբ եւ ձեւաչափով։ Նոր ԱՌԿ պլանը ներառում է մի շարք գործիքակազմեր, որոնք հնարավորություն կտան բացահայտել ռիսկերը, պլանավորել ռիսկերի նվազեցման միջոցառումները, ունենալ ընթացակարգեր՝ հնարավոր արտակարգ իրավիճակներում կազմակերպված արձագանքում ապահովելու համար։

Ծրագիրը կավարտվի սեպտեմբերին:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ «ԱՌՆԱՊ» հիմնադրամի ներկայացուցիչ Վահան Հարությունյանի