Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2423
Տարածել

2016 թվականի հուլիսի կեսին Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 18 080 արտադրական վտանգավոր օբյեկտ` ԱՎՕ, 2017-ի հուլիսի կեսին՝ 18 429, 2018 թվականի հուլիսին՝ 19 173, 2019-ին՝ 20 287, իսկ 2020 թվականի հուլիսի 10-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 755 արտադրական վտանգավոր օբյեկտ: Վերջին 4 տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է ավելի քան 20 տոկոսով, իսկ վերջին մեկ տարում՝ մոտ 7 տոկոսով:

Տարեսկզբից մինչ այսօր Հայաստանում գրանցվել է 750 արտադրական վտանգավոր օբյեկտ. ավտոկլավ, գազային վառելիքով չորացման վառարան, հեծանային ամբարձիչ, սառեցման համակարգ, էլեկտրական բազմաճախարակ, քիմիական նյութերի պահեստ, կաթսայատուն, պոլիմերային թաղանթների ստացման տեղամաս, ասֆալտբետոնի գործարան, նավթամթերքի պահեստարան, կոմպրեսորային տեղամաս եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են. կամ կոնսերվացված են կամ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների ավելի քան 30 տոկոսը (մոտ 8000) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` մոտ 3500, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: