Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները երիտասարդ զույգին իջեցրել են ժայռից

Փրկարարները երիտասարդ զույգին իջեցրել են ժայռից

3379
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 661 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 264 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 23 կեղծ կանչ:

Փրկարարները 129 կենցաղային կանչ են ստացել, որից 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Նոր նորք, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ վարչական շրջաններում, Արարատում, Արմավիրում, Լոռիում, Կոտայքում, Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում եւ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 42ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 25 դեպքում: Արգելափակված 13 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 29 մարդ: Հրդեհավտանգ տարածքներում կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հրշեջ-փրկարարները մայրաքաղաքում եւ մարզերում ավելի քան 21 հետկար տարածքում հսկողությամբ այրում են իրականացրել եւ 24-ժամյա հերթապահություն սահմանել մի շարք այգիներում եւ կանաչ տարածքներում՝ Երեւանի հեռուստաաշտարակի հարակից տարածք, բուսաբանական այգի, Նոր Արաբկիր զբոսայգի, Հրազդանի կիրճ, Հաղթանակ զբոսայգի եւ այլն:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Կենտրոնական բանկի մոտակայքում ծառի վրա բարձրախոս կա, իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրշեջ-փրկարարները հեռակառավարվող բարձրախոսը իջեցրել են ծառից։ Էրեբունու փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ռոստովյան փողոցի շենքերից մեկում անձրեւատար խողովակը պոկվել եւ ընկել է բնակարաններից մեկի լվացքի պարանի վրա, հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրշեջ-փրկարարները հեռացրել են պոկված խողովակը։ Աջափնյակի փրկարարները ուշ երեկոյան ահազանգ են ստացել, որ 23-ամյա տղան եւ 21-ամյա աղջիկը Հրազդանի կիրճում՝ Ալիխանյան փողոցի կողմից, բարձրացել են ժայռերի վրա եւ չեն կարողանում իջնել: Հրշեջ-փրկարարները ճոպանների օգնությամբ երիտասարդներին դուրս են բերել անվտանգ տարածք:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները ախտահանում են իրականացնում մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանվել է մոտ 8000 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց: Երեւանում եւ մարզերում փրկարարները բարձրախոսներով բնակչությանը իրազեկել են կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտության եւ չվարակվելու ճիշտ քայլերի մասին:

Մինչ օրս փրկարարները ողջ հանրապետությունում ավելի քան 60 000 վարակազերծում են իրականացրել. շուկաներ, խանութներ, բանկոմատներ, տրանսպորտի կանգառներ, բակային զրուցարաններ, մաքսային անցակետերում վարորդների հավաքատեղիներ, անցակետերի տարածքներ, շենքերի շքամուտքեր ու վերելակներ, վարչական շենքեր, բեռներով Հայաստան մտնող բեռնատարներ եւ այլն:

Նախորդ շաբաթների աշխատանքները.

Մարտի 30-ապրիլի 1

Ապրիլի 2-5

Ապրիլի 6-13

Ապրիլի 13-20

Ապրիլի 20-27

Ապրիլի 27-մայիսի 4

Մայիսի 5-11

Մայիս 12-18

Մայիսի 19-25

Մայիսի 26-հունիսի 1

Հունիսի 2-8

Հունիսի 16-22

Հունիս 23-29

Հունիսի 29-հուլիսի 5