Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները շարունակում են ախտահանել հանրային վայրերը

Փրկարարները շարունակում են ախտահանել հանրային վայրերը

3121
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 577 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 272 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 28 կեղծ կանչ: 

Փրկարարները 117 կենցաղային կանչ են ստացել, որից 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում եւ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 33 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 16 դեպքում: Արգելափակված 7 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 14 մարդ:

Այլ կանչեր. Դավիթաշենում ահազանգ է ստացվել, որ շենքերից մեկում արդեն երեք օր է  կասկածելի սպորտային պայուսակ է դրված: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, սակրավորները բացել են պայուսակը: Վտանգավոր ոչինչ չի եղել, միայն հագուստ: Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկում գորգը երրորդ հարկից ընկել է երկրորդ հարկի լվացքի պարանների վրա, իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները իջեցրել են գորգը եւ հանձնել տիրոջը:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները ախտահանում են իրականացնում մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանվել է մոտ 8000 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց: Երեւանում եւ մարզերում փրկարարները բարձրախոսներով բնակչությանը իրազեկել են կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտության եւ չվարակվելու ճիշտ քայլերի մասին:

Մինչ օրս փրկարարները ողջ հանրապետությունում ավելի քան 60 000 վարակազերծում են իրականացրել. շուկաներ, խանութներ, բանկոմատներ, տրանսպորտի կանգառներ, բակային զրուցարաններ, մաքսային անցակետերում վարորդների հավաքատեղիներ, անցակետերի տարածքներ, շենքերի շքամուտքեր ու վերելակներ, վարչական շենքեր, բեռներով Հայաստան մտնող բեռնատարներ եւ այլն:

Նախորդ շաբաթների աշխատանքները.

Մարտի 30-ապրիլի 1

Ապրիլի 2-5

Ապրիլի 6-13

Ապրիլի 13-20

Ապրիլի 20-27

Ապրիլի 27-մայիսի 4

Մայիսի 5-11

Մայիս 12-18

Մայիսի 19-25

Մայիսի 26-հունիսի 1

Հունիսի 2-8

Հունիսի 16-22

Հունիս 23-29