Օդակաթիլային վարակների կանխարգելիչ սպեցիֆիկ միջոցառումներից է պատվաստումը, որն իրականացվում է՝ ըստ պատվաստումների օրացույցի։
Աշխարհն այսօր պայքարում է նոր մարտահրավերի՝ COVID -19 վիրուսի դեմ, որն արդեն 478 հազարից ավելի մարդու կյանք է խլել։ Նոր կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծելն օրվա առանցքային խնդիրն է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օրերս պատասխանել է նոր կորոնավիրուսի հետ կապված մարդկանց մեծամասության մտահոգություններին, որոնք հաճախ սխալ իրազեկվածության արդյունք են եւ կարող են հանգեցնել վատ հետեւանքների։
Ահա դրանցից մի քանիսը․
- Ֆիզիկական վարժություն կատարելիս խորհուրդ չի տրվում կրել դիմակ։ Այն ոչ միայն խանգարում է նորմալ շնչառությանը, այլեւ քրտնարտադրության պատճառով նպաստում է միկրոօրգանիզմների ավելացմանը Բավական է միմյանցից պահպանել 1 մետրից ավելի հեռավորություն։
- Դիմակի ճիշտ կրումը չի հանգեցնում թթվածնային անբավարարությամբ կամ ածխաթթու գազով թունավորման։ Անհրաժեշտ է ընտրել դեմքի չափին համապատասխան դիմակ, որը կիպ կգրկի մաշկը եւ թույլ կտա նորմալ շնչել։
- Ոչ մի դեպքում չի թույլատրվում ներշնչել քլորային խառնուրդով գոլորշիներ, որոնք կարող են թունավորում, մաշկի եւ աչքերի վնասում առաջացնել։ Ախտահանիչ միջոցները պետք է օգտագործել միայն մակերեսներն ախտահանելու համար։ Ոչ մի դեպքում չի կարելի ընդունել մեթանոլ, էթանոլ եւ քլոր, որոնք ախտահանիչ միջոցների բաղադրիչ են։ Դրանք չեն ոչնչացնում կորոնավիրուսը եւ կարող են վնասել ներքին օրգանները։
- Օրգանիզմի վրա +25 °C-ից բարձր ջերմաստիճանի ազդեցությունը չի կարող կանխարգելել կորոնավիրուսը։ Խորհուրդ է տրվում միայն պահպանել հեռավորություն եւ հաճախ լվանալ ձեռքերը։
- Չափից տաք լոգանքը չի պաշտպանում կորոնավիրուսից, քանի որ մարդու մարմնի ջերմաստիճանը չի ենթարկվում արտաքին ազդեցությանը։ Այն տատանվում է 36,5°C — 37°C աստիճանների միջեւ։
- Չի կարելի օգտագործել ուլտրամանուշակագույն լամպեր ձեռքերի եւ մաշկի ախտահանման համար։ Դրանք չեն պաշտպանում կորոնավիրուսից, կարող են հանգեցնել մաշկի գրգռման եւ աչքերի վնասման։
- COVID-19 վիրուսի հարուցիչը կորոնավիրուսների ընտանիքից է, ուստի դրա բուժման համար հակաբիոտիկներն անարդյունավետ են։ Հակաբիոտիկներ նշանակվում են, եթե կան ուղեկցող բակտերիալ հիվանդություններ։
- Թոքաբորբի դեմ պատվաստանյութը, օրինակ` B տիպի հեմոֆիլային ցուպիկի դեմ կամ պնեւմոկոկային պատվաստանյութերը չեն պաշտպանում կորոնավիրուսից։
- Շնչուղիները ֆիզլուծույթով հաճախ լվանալը չի պաշտպանում կորոնավիրուսից։ Այն միայն կարող է օգնել հեշտ ապաքինվել սովորական մրսածությունից։ Օդակաթիլային վարակների դեմ ֆիզլուծույթն անարդյունավետ է։
- Չկա որեւէ փաստարկված պնդում, որ սխտորի օգտագործումը պաշտպանում է կորոնավիրուսով վարակվելուց։
Հ.Գ. Օդակաթիլային վարակների մասին կարդացեք նաեւ՝