Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարար մարզիկը նոր ռեկորդ է սահմանել

Փրկարար մարզիկը նոր ռեկորդ է սահմանել

2875
Տարածել

Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, ուժային եռամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Զորիկ Պողոսյանն օրեր առաջ նոր ռեկորդ է սահմանել՝ կքանիստ վարժությամբ 40 վայրկյան պահելով 200 կգ կշռող ծանրաձողը, ապա ընդունելով ելման դիրք։ Ռեկորդի տեսագրությունը ներկայացվել է ՀՀ Դյուցազնագրքի ասոցիացիայի հաստատմանը։

Հերթական հաջողությանը Զորիկը պատրաստվել էր երեք ամիս։ Կորոնավիրուսի պատճառով երբեմն ստիպված առանց մարզչի էր պարապել։ Սկզբում որոշել էր ծանրաձողը 15 վայրկյան պահել ուսերին, սակայն վստահելով «մկանների ամրությանը»՝ ռիսկի էր դիմել։ Փորձառու մարզիկը ռեկորդը նվիրել է Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, հրդեհաշիջման ժամանակ զոհված Սամվել Դեւելյանին։ 

«Ամեն նոր նվաճում ինձ ավելի պատասխանատու է դարձնում, ստիպում դառնալ ավելի լավը, օրինակ ծառայել մեր երիտասարդներին, որ նրանք էլ հետեւեն իրենց առողջությանը։ Ունեմ փոքր տարիքային խմբի նպատակասլաց աշակերտներ, սպորտի շնորհիվ ձեռք եմ բերել նոր ընկերներ եւ երկրպագուներ, որոնց խորհուրդներով օգնում եմ լավ մարզավիճակում մնալ։ Փոխվել է նաեւ հասարակության վերաբերմունքն իմ նկատմամբ: Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն եմ, բայց կարծում եմ՝ բոլոր տիտղոսներից առաջ պետք է նախ մարդ լինել», — նշում է Զորիկը։ 

Լինելով Հայաստանի փաուերլիֆթինգի ֆեդերացիայի անդամ եւ հայրենասիրական կրթության ջատագով՝ երիտասարդն ակտիվ մասնակցում է «Կամուրջ-88» նախագծին, որի նպատակն է պահպանել սփյուռքահայ մանուկների եւ հայրենիքի կապը հեռավար դասընթացների, սպորտային, մշակութային եւ ռազմահայրենասիրական ծրագրերի միջոցով։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Զորիկ Պողոսյանը