Գլխավոր Ուսուցողական նյութեր Հրդեհային տեխնիկների ուսուցումը՝ ցարական Ռուսաստանում

Հրդեհային տեխնիկների ուսուցումը՝ ցարական Ռուսաստանում

2629
Տարածել

Սանկտ Պետերբուրգի քաղաքային հասարակական իշխանության Հրդեհային տեխնիկների պատրաստման կուրսերի Հոգաբարձուների խորհրդի նամակը՝ Էրիվանի քաղաքային իշխանությանը

1906 թվական, նոյեմբերի 24

«Սանկտ Պետերբուրգի քաղաքային Դումայի տարբեր կառույցների կողմից պարբերական առաջարկները հաշվի առնելով՝ կառավարությունը թույլատրել է համապատասխան կանոնակարգով հիմնել «Հրդեհային տեխնիկների կուրսեր»՝ Բրանդմեյստերների դպրոց, որի նպատակն է  պատրաստել հրդեհաշիջման տեխնիկական գիտելիք ունեցող մասնագետներ։

Գիտակցելով նման հաստատության կարեւոր դերը մեր երկրի հակահրդեհային գործի կայացման գործում՝ Դուման Հոգաբարձուների խորհրդին է տրամադրել եռահարկ շինություն Սանկտ Պետերբուրգի Լիգովսկայա փողոցում, որն արժեցել է 150 հազար ռուբլի։ Շենքում են գտնվում «Հրդեհային տեխնիկների կուրսերի» համար նախատեսված երկու լսարան, ինտերնատ, քիմիայի եւ ֆիզիկայի սենյակներ, պատահարների ժամանակ առաջին օգնության տրամադրման կետ, մասնագիտացված հրդեհային բրիգադը, ջրմուղու ծորակների փորձարարական կայանները եւ այլն։

Բացի այդ՝ կառավարությունը միանվագ 30 հազար ռուբլի է հատկացրել կուրսերի վերազինման, իսկ Բաժնեմասային ապահովագրական միությունը՝  10 հազար ռուբլի՝ դրանց  պահպանման նպատակով։ Կառավարությունը նաեւ դուրս է գրել 25 հազար ռուբլի մասնագիտացված հրդեհային բրիգադ պահելու համար։

Հասկանալի է, որ կառավարությունը նման ծախսերի է գնացել այն հույսով, որ տարեկան ծախսերը հոգալուն կաջակցեն նաեւ մյուս քաղաքային իշխանությունները, ապահովագրական միությունները եւ այլ շահագրգիռ կառույցներ։

Հաշվի առնելով այն, որ կանոնակարգի 4-րդ պարագրաֆով կուրսերը կարող են ֆինանսավորել նաեւ տարբեր անձինք եւ կազմակերպություններ, Հոգաբարձուների խորհուրդը անհրաժեշտ համարեց իրազեկել Էրիվանի քաղաքային իշխանությանն արդեն իսկ կայացած բացման արարողության մասին՝ հույս հայտնելով, որ վերջինս նույնպես սրտացավ կգտնվի այս նախաձեռնության նկատմամբ։

Բացի այդ՝ եթե Էրիվանի քաղաքային իշխանության կազմում կան անձինք, որոնք համապատասխանում են կանոնակարգի պահանջներին, ապա նրանք կարող են առաջարկ ներկայացնել ինտերների խմբում ընդգրկվելու համար (ինտերների ուսուցման վարձը կազմում է տարեկան 100 ռուբլի):

Որպես վերջաբան՝ Հոգաբարձուների խորհուրդն Էրիվանի քաղաքային հասարակական իշխանության ներկայացուցիչներին խնդրում է չմերժել եւ Սանկտ Պետերբուրգ այցելության ժամանակ համենալ Հրդեհային կուրսերի շենք՝ Լիգովսկայա փողոցի եւ շրջանցիկ ջրանցքի հարեւանությամբ»։

Հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչ Ե․ Յակովլեւ

Հրդեհային տեխնիկների կուրսերի կանոնակարգ

(hաստատվել է 1905 թվականի նոյեմբերի 5-ին)

Հիմնական դրույթները՝

  1. Կուրսերի նպատակն է ուսուցանել իրազեկման եւ հրդեհաշիջման միջոցները։
  2. Կուրսերն անցկացվում են Սանկտ Պետերբուրգի քաղաքային հասարակական իշխանության հսկողությամբ։
  3. Ուսուցման կազմակերպման համար գործում են հրդեհային տեխնիկայի թանգարան, գրադարան, լաբորատորիա, փորձարարական կայան, մասնագիտացված հրդեհային բրիգադ։
  4. Կուրսերի բյուջեն գոյանում է Սանկտ Պետերբուրգի քաղաքային հասարակական իշխանությունների, կրթաթոշակ տրամադրող տարբեր զեմստվոների, քաղաքների եւ անհատների, փորձաքննության նպատակով ֆինանսավորվող տեխնիկական եւ հրդեհային հարցերով զբաղվող խորհուրդների միջոցներից եւ տարբեր անձանց ու կառույցների հանգանակություններից։
  5. Կուրսերի մասնակիցների համար ստեղծվել է հանրակացարան։ Հանրակացարանում վերահսկողության կարգը մշակվում է Հոգաբարձուների խորհուրդը եւ հաստատում քաղաքային Դուման։
  6. Վարձավճարի եւ կեցության ծախսերի ժամկետներն ու պայմանները հաստատում է քաղաքային Դուման՝ Հոգաբարձուների խորհրդի առաջարկով։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Շարունակելի

Հ.Գ. Արխիվային փաստաթղթերը տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը։ Լուսանկարում «Հրդեհային տեխնիկների կուրսերի»՝ Բրանդմեյստերների դպրոցի շենքն է:

Հակահրդեհային պայքարի եւ հրդեհային պաշտպանության պատմության մասին կարդացեք նաեւ.

Հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները

Հրդեհային պաշտպանության պատմությունից