Գլխավոր Ուսուցողական նյութեր Հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները՝ ցարական Ռուսաստանում

Հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները՝ ցարական Ռուսաստանում

2546
Տարածել

10 մայիսի 1879 թվական Ներքին գործերի նախարարության գործադիր ոստիկանության բաժնի նամակը նահանգապետերին

«Կործանիչ հրդեհները, որոնց հետեւանքով կարող են ամբողջովին շարքից դուրս գալ քաղաքներ ու գյուղեր, միշտ եղել են կառավարության ուշադրության կենտրոնում։ Ներքին գործերի նախարարությունը տարբեր հանձնարականներով մշակել է կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված ոչ միայն հրդեհի դեպքերի, այլեւ հրդեհային աղետների հետեւանքների նվազեցմանը։

Քաղաքային Դուման, որը քաղաքներում հակահրդեհային անվտանգության միջոցառումների վերահսկման պատասխանատուն է, ընդունել է բնակչության համար հակահրդեհային պարտադիր կանոններ։

Ազգային հարստության պահպանման ուղղված քայլերի մշակման գործը վստահելով տեղական հասարակական կազմակերպություններին՝ կառավարությունը հաշվի է առել, որ հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները հիմնականում տեղային բնույթ են կրում, եւ պարտադիր չէ դրանք կիրառել Ռուսաստանի բոլոր տարածքներում։

Գործող օրենքների համաձայն՝ եթե խոշոր հրդեհների դեպքում առաջանում է քաղաքային բնակչության համար պարտադիր կանոնների կիրառման անհրաժեշտություն, ապա քաղաքային իշխանությունը այդ ամենը նախապես համաձայնեցնում է տեղական ոստիկանության հետ։ Համաձայնության չգալու դեպքում միջամտել կարող է նահանգապետը։ Վերջինս իրավունք ունի նաեւ իր առաջարկները քննարկել նահանգի համապետական խորհրդի հետ եւ հարցը բարձրացնել իշխող Սենատի առջեւ։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ շատ քաղաքներում հասարակական կազմակերպությունների եւ վարչական ներկայացուցիչների նվիրված աշխատանքի շնորհիվ մշակվել են բավական արդյունավետ հակահրդեհային նորմեր։ Դրանք վերաբերում են շենքերի եւ տանիքների կառուցմանը, ծխնելույզների ճիշտ տեղադրմանն ու մաքրմանը, դյուրավառ նյութերի պահպանմանը եւ գիշերային պարեկային հերթապահությանը։ Բայց ցավոք, կան նաեւ մեծ թվով քաղաքներ, որոնցում նման քայլեր չեն իրականացվում։ Այս ամենը վկայում է քաղաքային կառույցների որոշ ներկայացուցիչների՝ ազգային շահի նկատմամբ ունեցած անտարբերության մասին, հետեւաբար տեղական վարչակազմը միայն նախատինքի է արժանի։ Քաղաքներում պարտադիր հակահրդեհային միջոցառումների կիրառման ձախողումը ես համարում եմ տեղական ոստիկանության ղեկավարության սխալը եւ այս հարցն առնում եմ իմ անձնական վերահսկողության տակ։ Փոքր-ինչ մխիթարող է, որ պարտադիր հակահրդեհային կանոններ չեն մշակել 34 նահանգից 6-ը։

Որքան էլ այդ կանոնները գոհացուցիչ լինեն, անհնար է հաջողության հասնել առանց դրանց կիրառման մշտական եւ խիստ վերահսկողության։ Այս ամենի համար ամբողջությամբ պատասխանատու են ոստիկանության պաշտոնյաները։

Հատկապես զգոնությունը պետք է ուժեղացնել ամռանը, երբ հրդեհները հաճախակի եւ մեծամասշտաբ են լինում։

Առաջարկելով ոստիկանության բոլոր պաշտոնյաներին անհապաղ ներգրավել հրդեհներից բնակչության պաշտպանության գործին՝ ես միաժամանակ Ձերդ Գերազանցությանը խոնարհագին խնդրում եմ տալ հետեւյալ հրահանգները՝

  • Ձեր կողմից ընտրված անձանց միջոցով առանց հապաղելու քաղաքներում եւ գյուղերում իրականացնել հրդեհային սարքավորումների մանրակրկիտ զննում, մշտապես ապահովել դրանց սարքին լինելը:
  • Այն տարածքներում, որտեղ չկան հրդեհային սարքավորումներ, այդուհանդերձ օրենքով սահմանված կարգով՝ բնակիչը պարտավորվում է անձամբ մասնակցել հրդեհաշիջմանը, ապահովել համապատասխան գործիքներով, որպեսզի հրդեհի ժամանակ բնակիչը դեպքի վայրում կարողանա իրականացնել հսկողություն եւ անհրաժեշտության դեպքում ցուցաբերել օգնություն։
  • Անընդհատ վերահսկել գիշերային հերթապահության ճիշտ կազմակերպումը, ոստիկանության պաշտոնյաների մասնակցությամբ քաղաքներում իրականացնել շրջայցեր եւ ոստիկանության ղեկավարության գլխավորությամբ օրինախախտներին ենթարկել պատասխանատվության։
  • Ուժեղացնել ոստիկանության կողմից կասկածելի անձանց եւ թափառաշրջիկների վերահսկողությունը։

Հասկանալի է, որ վերոնշյալ պահանջների կատարումն իսպառ չի վերացնի հրդեհները, սակայն տեղական իշխանության եւ բնակչության սերտ համագործակցությունը կնվազեցնի հրդեհների քանակն ու դրանց ավերիչ հետեւանքները։

Նույն տարածքում հրդեհների հաճախակի կրկնությունը ես համարելու եմ տեղական ոստիկանության անտարբեր վերաբերմունքի ապացույց եւ ենթարկելու եմ անձնական պատասխանատվության։

Կարեւորելով հրդեհների պաշտպանության գործում տեղական հասարակական կազմակերպությունների եւ ոստիկանության մեծ դերը՝ վստահ եմ, որ Ձերդ Գերազանցությունը նույնպես հասկանում է բնակչության բարօրության գործում հակահրդեհային միջոցառումների անհրաժեշտությունը, ուստի խնդրում եմ թույլատրել ամբողջ ներուժով լծվել դրանց տարածման գործին»։

Ստորագրող՝ Ներքին գործերի նախարար, պալատական քարտուղար Լեւ Մակով

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Լուսանկարում Լեւ Մակովն է: Արխիվային փաստաթղթերը տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը

Հրդեհային պաշտպանության պատմության մասին կարդացեք նաեւ՝ այստեղ