Գլխավոր Վերլուծություն Ապրիլի արտակարգ դեպքերը

Ապրիլի արտակարգ դեպքերը

2766
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2020 թվականի ապրիլին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ապրիլ ամսին իրականացրել են 1122 ելք՝ 278-ով պակաս, քան 2019 թվականի ապրիլին: 455 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 284՝ կենցաղային կանչ, 156՝ կեղծ ահազանգ, 227՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 46 մարդ (այդ թվում՝ 2 կին), տուժել` 2204 մարդ (այդ թվում՝ 243 կին եւ 117 երեխա): 2019 թվականի ապրիլի համեմատ զոհվածների քանակն աճել է 17-ով, տուժածներինը՝ 1241-ով: Փրկարարները 11 մարդու կյանք են փրկել: Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում արտակարգ դեպքերի զգալի մասը` 89,4 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 364 ահազանգ (2019 թվականի ապրիլին` 446 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 208 դեպքում (2019 թվականի ապրիլին` 313 դեպք): Գրանցվել է հրդեհի վերաբերյալ 91 կեղծ ահազանգ: 16 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը, իսկ 49 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Հրդեհների 71,6 տոկոսը՝ 149 դեպք, գրանցվել է քաղաքներում, 28,4 տոկոսը՝ 59 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա ապրիլ ամսվա հա­մեմատությամբ քաղաքային հրդեհների քանակը նվազել է 80-ով, գյուղական հրդեհներինը՝ 25-ով:

Մայրաքաղաքում գրանցվել է 81 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Լոռին՝ 31 դեպք, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 4: Ըստ համայնքների. ամենաշատ տուժել են Լոռվա քաղաքները՝ 19 հրդեհ եւ գյուղերը՝ 12 հրդեհ, ամենաքիչը տուժել են  Վայոց ձորի քաղաքները՝ մեկ հրդեհ եւ Տավուշի եւ Վայոց ձորի գյուղերը՝ երեքական հրդեհ:

2020 թվականի ապրիլին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 29,3 տոկոս կամ 61 դեպք: Սրանից բացի կրակի բաժին են դարձել աղբ՝ 34 դեպք, բնակելի շենք՝ 29 դեպք, առանձնատուն՝ 21, տրանսպորտային միջոց՝ 20,  տնակ-ավտոտնակ՝ 15 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2020 թվականի ապրիլին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների՝ ՃՏՊ-ների վերաբերյալ 222 ահազանգ են ստացել՝ 98-ով պակաս քան 2019-ի ապրիլին: ՃՏՊ-ներից զոհվել է 13, տուժել՝ 294 մարդ: 2019 թվականի ապրիլի համեմատ զոհվածների քանակը նվազել է 11-ով, տուժածներինը՝ 157-ով:

ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 58,1 տոկոս կամ 129 դեպք, բախումներն են: 34 դեպք՝ մարդկանց վրաերթ, 29 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 30 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում գրանց­վել է 371 թունավորում, զոհվել է 1, տուժել՝ 403 մարդ: 2019 թվականի ապրիլի համեմատ նվազել են թունավորումների, դրանցից զոհվածների ու տուժածների քանակները, համապատասխանաբար՝ 83-ով, 3-ով, 106-ով:

Երեւանում գրանցվել է 283 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 34 դեպք, ամենաքիչը՝ Սյունիքը՝ մեկ դեպք: 2020 թվականի ապրիլին Վայոց ձորում թունավորումներ չեն եղել:

Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 134, դեղորայք՝ 97, քիմիական նյութեր՝ 52, շմոլ գազ եւ բնական գազ՝ 18-ական, սննդամթերք՝ 10 եւ այլն:

Այլ դեպքեր

2020 թվականի ապրիլին հանրապետությունում գրանցվել է 22 փլուզում, վայրի կենդանիների 18 հարձակում, 8 քարաթափում, 4 սրտահարությունում 3 մերկսառույց, 2-ական սողանք եւ ուժեղ կարկուտ, 1-ական պայթյուն, առատ ձյուն, հեղեղում-գետի վարարում, անանահամաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ