Գլխավոր Ուսուցողական նյութեր Հրդեհային պաշտպանության պատմությունից

Հրդեհային պաշտպանության պատմությունից

2384
Տարածել

Հրդեհային պաշտպանության զարգացման եւ կամավորական հրշեջ խմբերի ստեղծման, միաստեսակ չափանիշներով ու համակարգված աշխատելու անհրաժեշտությունը հասկացել են դեռ մեկ ու կես դար առաջ: Օրինակ Ռուսական կայսրությունում 1892 թվականին հրդեհային գործի ակտիվ մասնագետները ստեղծեցին «Ռուսական կայսերական հրդեհային միությունը», որի գլխավոր խորհրդի առաջին նախագահ նշանակվեց կոմս Ալեքսանդր Շերեմետեւը։

Միությունը զբաղվում էր հրդեհների հայտնաբերմամբ, կանխմամբ եւ կանխարգելիչ միջոցառումների անցկացմամբ, հրդեհներից տուժածների եւ վիրավոր հրշեջների օգնությամբ, բարելավում հակահրդեհային ջրամատակարարման համակարգը, հրատարակում հրդեհային տեխնիկական գրականություն, կազմակերպում համաժողովներ, ցուցահանդեսներ եւ գործուղումներ։ Միությունը եւ տեղական կամավոր հրշեջ-ջոկատները հիմնականում ֆինանսավորվում էին հարուստ եւ պատվավոր պաշտոնյաների, ապահովագրական կազմակերպությունների կողմից։ Պետությունն այս հարցում լումա չուներ։

1893 թվականին հաստատվեց Ռուսական միասնական հրդեհային միության կանոնակարգը, որն արժանացավ Նիկոլայ Երկրորդ ցարի հավանությանը։

Հայաստանի հանրապետության Կոտայքի մարզում գտնվող «Հայ-ռուսական մարդասիրական արձագանման կենտրոնի» տնօրեն Պավել Գյոզալյանի տրամադրած եզակի արխիվային նյութերի համաձայն՝ այդ ժամանակաշրջանում գործել է երկու կանոնակարգ քաղաքային եւ գյուղական համայնքներում հրդեհային ջոկատների գործունեության վերաբերյալ։ Նյութերում հիշատակվում է նաեւ Հայաստանը:

Մեջբերում Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տնտեսական բաժնի՝ Էրիվանի նահանգապետին ուղարկված նամակից․

«Ելնելով 1896 թվականի հունվարին Ներքին գործերի նախարարության հաստատած «Քաղաքային հրդեհային միությունների նորմալ կանոնակարգում» փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունից՝ Ապահովագրական կոմիտեն հունիսի 5-ին կայացած նիստում որոշեց, որ միության կազմ չեն կարող մտնել

  • 17 տարին չլրացած անձինք,
  • Զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային անձնակազմը
  • Դատարանի որոշմամբ՝ իրավունքների որոշակի սահմանափակում ունեցող անձինք:

Միությանը 17-21 տարեկան անձանց անդամակցումը հաստատում են ծնողները կամ խնամակալները: Նրանք համաձայնում են, որ մինչեւ 21 տարեկանը լրանալն իրենց զավակը չի կարող Միության ղեկավար անդամ դառնալ եւ չունի ձայնի իրավունք։ Ուսումնական հաստատություններում սովորողները Միությանն անդամակցելու համար պետք է ունենան տվյալ ուսումնական հաստատության թույլտվությունը։

Միության անդամները Խորհրդի կամ ընդհանուր ժողովի որոշմամբ կարող են առանձնահատուկ ծառայության համար արժանանալ դրամական պարգեւատրման, դիպլոմների, տարբերանշանների, որոնց պատկերները եւ կրման պայմանները հաստատում է տեղի նահանգապետը։ Միության անդամների ընդհանուր ժողովները լինում են սովորական եւ արտակարգ։

«Գյուղական հրդեհային ջոկատների գործունեության նորմալ կանոնակարգի» համաձայն՝ կամավոր ջոկատներ ստեղծելու թույլտվություն տալիս է նահանգապետը բոլոր այն բնակավայրերում, որոնք չունեն քաղաքի կարգավիճակ։ Կամավոր ջոկատների տեղակայության եւ նրանց գործունեության մեկնարկի մասին տեղեկացնում են Ներքին գործերի նախարարություն։

Նահանգի ղեկավարության թույլտվությամբ եւ տեղական ոստիկանության իմացությամբ նշանակվում է գյուղական հրդեհային ջոկատի ղեկավար։ Նրա պարտականություններն են՝ ջոկատի գործունեության համակարգումը, ջոկատի պաշտոնատար անդամների ընտրությունը, ծախսերի համար նախահաշվարկի կազմումը եւ այլն»։

Հրապարակումը պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Այս հրապարակմամբ 911tert.am-ը սկսում է հրդեհային պաշտպանության պատմության եւ զարգացման մասին հոդվածների շարք: