Գլխավոր ՀՀ ԱԻՆ «SMS իրա­զե­կում» վարժանքը ավելի քան 90 տոկոսանոց արդյունք է ապահովում

«SMS իրա­զե­կում» վարժանքը ավելի քան 90 տոկոսանոց արդյունք է ապահովում

2183
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 2016 թվականից «Կարճ հաղորդագրություններով ՀՀ մարզերում եւ Երեւ­ան քաղաքում պաշտոնատար անձանց իրա­զե­կում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է կազմակերպում: Բոլոր մարզերում (այդ թվում՝ մայրաքաղաքում) տարեկան մեկական անգամ: Այս տարի կկազմակերպվի երկուական ուսումնավարժություն:

ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանի խոսքով, վարժանքի հիմնական նպատակը, մարզի ղեկավարության եւ գործող պետական կառույցների պատասխանատուների (մարզպետ, մարզպետի տեղակալ, աշխատակազմի ղեկավար, դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ, բուժհաստատությունների ղեկավարներ եւ այլն) հետ անխափան եւ արագ կապի ապահովումն է, որ հնարավոր աղետի դեպքում վերջիններս զգոն լինեն: Նշված անձինք միայն մեկ պատասխանատվություն ունեն. փրկարար ծառայության մարզային վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից կարճ հաղորդագրություն ստանալուն պես կապնվել ՃԿԿ-ի հետ: Պաշտոնյան մեկ նախադասություն է ստանում՝ «Ազդարարման համակարգի փորձարկում»: Ըստ Արսեն Մկրտչյանի, սկզբնական շրջանում հաղորդագրությանը պատասխանում էր պաշտոնյաների մոտ կեսը, իսկ հիմա՝ ավելի քան 90 տոկոսը: Պաշտոնյաների փոփոխությունները, փոխատեղումները անընդհատ են: Գումարած՝ մարդիկ հեռախոսահամար են փոխում: Նաեւ այս պատճառով է, որ արդյունքը մոտ է 100 տոկոսին, բայց 100 տոկոսանոց չի: Ուստի փրկարարները ամեն ամիս թարմացնում են կարճ հաղորդագրություն ստացող անձանց ցուցակը:

Արսեն Մկրտչյանը վստահ է՝ վարժանքն օգտակար է եւ «SMS իրա­զեկում» գործիքը կարդիականացվի ազդարարման համակարգի արդիականացմանը զուգահեռ: Որոշ քայլեր արդեն արվել են: ՃԿԱԿ-ը եւ բջջային կապի օպերատորները հուշագիր են ստորագրել եւ աղետի դեպքում՝ սողանք, ձնահույս եւ այլն, ՃԿԱԿ-ից տեքստ կփոխանցվի օպերատորներին, վերջիններս էլ 10-15 րոպեում կազդարարեն բնակչությանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ