Գլխավոր Վերլուծություն Աշխարհի երեխաները՝ կորոնավիրուսի թիրախում

Աշխարհի երեխաները՝ կորոնավիրուսի թիրախում

2515
Տարածել

Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումն ուղղակի եւ անուղղակի կերպով ազդում է երեխաների վրա, հատկապես՝ նրանց, որոնք ապրում են աղքատ երկրներում կամ հակամարտության գոտում։ Ըստ ՄԱԿ-ի՝ 2020 թվականի ապրիլի 20-ին հրապարակված «COVID-2019-ի ազդեցությունը երեխաների վրա» զեկույցի՝ նախնական հաշվարկով 42-66 միլիոն անչափահաս այս պահին գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ։ Ընտանիքներում ի հայտ եկած տնտեսական դժվարությունները 2020 թվականին կարող են հանգեցնել հազարավոր երեխաների մահացության՝ ի չիք դարձնելով վերջին երեք տարում գրանցված մանկական մահացության կրճատման միտումը։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNICEF-ի զեկույցի համաձայն՝ համավարակի նկատմամբ առավել խոցելի են հակամարտության պատճառով տեղահանված երեխաները, որոնց թիվը 2019 թվականին կազմել է 19 միլիոն։ Տարրական ծառայությունների բացակայությունը բերում է երեխաների ընտանիքներից հեռացման։ Զեկույցում հիշատակվում է նաեւ տեղահանված 8,2 միլիոն երեխայի մասին, որոնք տուժում են աղետներից, հիմնականում՝ ջրհեղեղից եւ փոթորկից։

Ի՞նչ է կատարվում այսօր հակամարտող երկրներում։ 40 տարի պատերազմական դրության մեջ գտնվող Աֆղանստանում վերջին տասնամյակում զոհվել են հազարավոր երեխաներ, մոտ 3,7 միլիոնը դպրոց չի հաճախում, հինգ տարեկանից ցածր 600 հազար երեխա լիարժեք սնունդ չի ստանում։ Նոր կորոնավիրուսից պաշտպանվելու պայմանները՝ սոցիալական հեռավորություն, ձեռքերի հաճախակաի ախտահանում եւ այլն, իրատեսական չեն հատկապես խիտ բնակեցված տարածքներում, փախստականների եւ տեղահանվածների ճամբարներում։ Հարավային Սուդանում տարիների հակամարտությունը հանգեցրել է նրան, որ 4,1 միլիոն երեխա մարդասիրական օգնության կարիք ունի, այդ թվում՝ մինչեւ 5 տարեկան մոտ 1,3 միլիոն երեխա, ամենայն հավանականությամբ, 2020 թվականին զրկված կլինի լիարժեք սննդից։ Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում բիզնեսի անկումը միգրանտներին զրկել է աշխատանքից, արդյունքում Սիրիայում հավելյալ 4 միլիոն երեխա դարձել է աղքատ։ Եմենում իրավիճակն ամենաանմխիթարն է․ ավելի քան 12 միլիոն երեխա այսօր մարդասիրական օգնության կարիք ունի, առողջապահական համակարգը փլուզված է, տարրական բուժօգնությունը՝ անհասանելի։ Ենթակառուցվածքների շարքից դուրս գալու պատճառով երկրում անվտանգ սնունդ չի արտադրվում, աղքատ թաղամասերում առկա են Զիկա վիրուս, սուր աղիքային վարակներ եւ խոլերա։ Վերոնշյալ բոլոր երկրներին UNICEF-ը մատակարարում է մաքուր ջուր, հիգիենիկ պարագաներ՝ օճառ, սրբիչ, դույլ եւ այլն, բացում ամբուլատոր կենտրոններ։

Համավարակի տարածման ֆոնին մեծ մարտահրավեր է դպրոցների փակումը։ 188 երկրում այսօր ուսումնական հաստատությունները չեն գործում, ինչն ազդել է 1,5 միլիարդ երեխայի եւ երիտասարդի կենսակերպի վրա։ Աշխարհն անցել է հեռավար ուսուցման, որը, սակայն, ցածր տարեկան եկամուտ ունեցող երկրների միայն 30 տոկոսն է կյանքի կոչում։ Բացի դրանից՝ հեռավար կրթության ներդրմամբ անչափահասները երկար ժամեր համացանցում են անցկացնում։

Դպրոցների փակման պատճառով 143 երկրում մոտ 368,5 միլիոն երեխա մնացել է առանց դպրոցական սննդի, նրանց ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը վտանգված է։ Շատերը զրկվել է վերականգնողական ծրագրերից, մանկավարժական աջակցությունից։

UNICEF-ի գործադիր տնօրեն Հենտրիետա Ֆորի խոսքով՝ որքան շատ են երեխաները դրսում մնում, այնքան քիչ է հավանականությունը, որ նրանք դպրոց կվերադառնան։ Հետեւաբար դպրոցների շուտափույթ վերաբացումը բխում է երեխաների լավագույն շահից։

Կառավարություններին օժանդակելու նպատակով վերջերս UNESCO-ն, UNICEF-ը, WFP-ը եւ Համաշխարհային բանկը մշակել են ուղեցույցներ, որոնք ներառում են դպրոցներն անվտանգ վերաբացելու, դպրոցների ախտահանման, վարակի փոխանցման բացառման, գործազուրկ ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման եւ այլ միջոցառումներ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ