Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ադրենալինի սիրահար կին-փրկարարը

Ադրենալինի սիրահար կին-փրկարարը

3618
Տարածել

Երեւանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Լուսինե Սահակյանն այն կանանցից է, որն իր մասնագիտական աշխատանքում ոչ ոքի չի զիջում։ Արդեն 6 տարի դեպքի վայրում անտրտունջ աշխատում է բնակչության հետ, պարտաճանաչ կատարում ցանկացած հրաման։ Կարգապահ բնավորությունը հորից է ժառանգել։ Բայց երբ հերթը հասնում է խոհանոցին, Լուսինեն սիրով «վայր է դնում» ուսադիրներն ու զարմացնում իր հմտություններով։ «Երկար տարիներ Գերմանիայում էի ապրում ու աշխատում։ Եվրոպացիներն արագ սննդի սիրահար են, ես էլ էի նրանց նմանվել։ Ծառայակից ընկերներս միշտ կատակով հիշեցնում են, որ իրենց ստամոքսի հաշվին տան կին դարձա»,- ժպիտով պատմում է խմբի պետը։

Միշտ հմայվել է փրկարարի համազգեստ կրող գերմանուհիներով։ Եվ երբ 2007 թվականին Հայաստան վերադարձավ, առանց երկմտելու դիմեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա՝ զուգահեռ աշխատանքի անցնելով նաեւ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատում։ Ընտրած մասնագիտության՝ քաղաքացիական պաշտպանության գծով այդպես էլ չշարունակեց․ գրասենյակային աշխատանքն իրենը չէր, իսկ փրկարարության մեջ ադրենալինի մեծ չափաբաժին կար։

Անձնվեր աշխատանքի համար Լուսինեն առաջարկ ստացավ մարզում ջոկատի հրամանատար աշխատել։ Սակայն լավ հասկանալով այդ պատասխանատու գործում իր գիտելիքի բացը՝ հրաժարվեց։ 2014 թվականից ջոկատում խմբի պետ է։

Անկեղծանում է՝ ծառայությունն իրեն շատ է կոփել․ հեշտությամբ նեղսրտող ու վիրավորվող աղջնակից քիչ բան է մնացել։ Թեպետ դժվար է ամբողջովին վերափոխվելը։ Դեպքերն ու մարդկանց ապրումները երբեք չի մոռանում։ Ավտովթարների ժամանակ առաջինն է մոտենում հարազատ կորցրածներին, իսկ ինքնասպանության փորձի դիմողներին՝ մտերմաբար ձեռք մեկնում եւ համոզում հետքայլ անել։ Տուժածներն իրեն վստահում են՝ որպես հոգեբանի։ Նրանց հետ կիսում է լացն ու ուրախությունը։ «Վերջերս կարիճի խայթոցի կանչ էինք ստացել, թեպետ իրականում կենդանին վնաս չէր տվել։ Վախեցած կինը երեխայի նման լալիս էր ու խնդրում, որ բժիշկն իրեն չներարկի։ Նրա խեղճությունից ես էլ էի լալիս․ խոստացա, որ ներարկել թույլ չեմ տա, եւ քացախի թրջոց դրեցի վերջույթին։ Մարդիկ զարմանում էին, թե որտեղից այսքան սրտից թույլ փրկարար»,- վերհիշում է Լուսինեն։

Ջոկատում երկու կին են, երկուսին էլ առանձնահատուկ են վերաբերվում։ Երբեք ուշադրության ու սիրո պակաս չի զգացվում։ Ջոկատից դուրս խմբի պետը բոլորի ընտանիքների բարեկամն է, ինչպես իրենք՝ փրկարարներն են ասում՝ 911-ը, որը հասանելի է օրվա 24 ժամին։

Երեւանում առաջին կին վարորդներից է, 24 տարվա փորձ ունի։ Հայրն է փոքրուց ամեն նրբություն սովորեցրել։ Վստահեցնում է՝ լավ վարորդի համար մեքենայի մակնիշը, տարիքը կապ չունեն, իսկ կին-տղամարդ վարորդների բազմամյա «հակամարտության» պատասխանը մեկն է՝ ոչ մի տղամարդ, հատկապես՝ երիտասարդությունը, կնոջ տեխնիկան ու ճկունությունը չունի։

Հերթափոխից ազատ օրերին Լուսինեն կին վարորդների ֆեդերացիայի կազմում մասնակցում է ռալիների եւ քեմփինգների, շրջում Հայաստանով, օժանդակում բարեգործական ծրագրերի։ Լիաքարշակ մեքենաները նրա տարերքն են, սիրելի վայրը՝ Լոռու մարզի Ախթալան իր բնությամբ եւ հոգևոր արժեքներով։ Կորոնավիրուսի նահանջելուց հետո առաջիկա երթուղին Երուսաղեմն է լինելու։

Գերմանիայում անցկացրած տարիներին Լուսինեն հասկացել է,թե ինչ ասել է մաքրասիրություն, ճշտապահություն ու մարդկանց հավասարություն։ Բայց դրան զուգահեռ՝ բազմիցս համոզվել է, որ հայի սրտաբացությունը ոչ ոք չունի։ Թերեւս դա էր պատճառը, որ կյանքը վերջնականապես կապեց այս փոքրիկ քաղաքի՝ Երեւանի հետ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Լուսինե Սահակյանը