Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2666
Տարածել

2018 թվականի մայիսի 14-ին Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 19 069 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2019 մայիսի 15-ին դրությամբ` 20 092 ԱՎՕ, 2020 թվականի հունվարի դրությամբ՝ 21 005 ԱՎՕ, իսկ մայիսի 13-ի դրությամբ՝ 21 473: Վերջին երկու տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է մոտ 8 տոկոսով, իսկ այս տարվա սկզբից՝ 0,3 տոկոսով:

Տարեսկզբից մինչ այսօր Հայաստանում գրանցվել է 68 արտադրական վտանգավոր օբյեկտ, վերջին մեկ ամսում՝ 36 ԱՎՕ. գազային վառելիքով չորացման վառարան, հեծանային ամբարձիչ, էլեկտրական բազմաճախարակ, քիմիական նյութերի պահեստ, կաթսայատուն, պոլիմերային թաղանթների ստացման տեղամաս եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են. կամ կոնսերվացված են կամ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների ավելի քան 30 տոկոսը (մոտ 8000) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` ավելի քան 3600, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: