Գլխավոր Նորություններ Աշխարհում ազգայնամոլությունից ավելի վատ բան չի հորինվել

Աշխարհում ազգայնամոլությունից ավելի վատ բան չի հորինվել

2378
Տարածել

Սկիզբն՝ այստեղ

2000-ականներին ես հաճախ էի գնում Թուրքիա։ «Ակօս» թերթն սկսել էր հոդվածներ գրել իմ ֆիլմերի մասին։ Ստամբուլում հանդիպեցի Հրանտ Դինքին։ Նա բարձրահասակ տղամարդ էր, շատ էր սիրում ձեռքերով խոսել։ Լիներ ռեստորանում թե իր բյուրոյում՝ վրդովված կամ ոգեւորված խոսելիս միշտ ձեռքով խփում էր սեղանին։ Նրա խելացիությունն ինտուիտիվ էր, նա ինքնուս էր, որը շարունակ  ուսումնասիրում է, մտածում, պայքարում։ Հրանտին հուշում էին, որ հեռանա, հանգիստ կյանք սկսի։ «Ես այն ազատ աղավնիներից եմ, որը չի վախենում փողոցում թռվռալ»,-ասում էր Հրանտը։ Նրան հենց փողոցում էլ սպանեցին։ Հոր գործը շարունակում է աղջիկը՝ Դելալը։ Նա Դինք ընտանիքի ու հիշողության պահապանն է։

Այսօր Հայաստանում քչերն են պատկերացնում, թե Թուրքիայում ինչ մեծ աշխատանք են անում երկլեզու «Ակօս» թերթն ու «Հրանտ Դինք» հիմնադրամը։ 2019 թվականից Ստամբուլի կենտրոնում բացվել է «23,5․ Հրանտ Դինքի հիշողության վայրը»՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մի անկյուն, որտեղ զգացվում է  հայ մշակույթի եւ պատմության շունչը։  Հրանտն իր «Ապրիլ 23,5» խորագրով հոդվածում գրում էր, որ ամուսնացել է ապրիլի 23-ին, եւ նույն գիշեր ինքն ու կինը կյանք են տվել  իրենց առաջին երեխային։ Բայց միեւնույն ժամանակ նա այդ օրը ջնջել էր օրացույցից, քանի որ ապրիլի 23-ին՝ Թուրքիայի սուվերենության եւ երեխաների պաշտպանության օրվան հաջորդում էր Հայոց ցեղասպանության օրը։ Ամեն հայ պիտի ուսումնասիրի եւ այցելի այս վայրը, ծանոթանա Հրանտի գաղափարը կիսող թուրք եւ քուրդ  երիտասարդների աշխատանքին։ Այդպես մենք կսովորենք ավելի կոնկրետ եւ կոկիկ ձեւով պահանջատեր լինել, մինչեւ կգա այն օրը, երբ դեմոկրատ ձեւով իշխանության եկած մի համարձակ թուրք կկարողանա իր ժողովրդին ասել, որ հայերի ցեղասպանությունը իրականություն է, եղել է։ Պատմության այս էջը թերթելը կբուժի հենց իրենց՝ թուրքերին։

Ես հանդիպել եմ նաեւ բոլոր ֆրանսիախոս թուրք մտավորականներին, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանությունը․ հռչակավոր պատմաբան Թաներ Աքչամը, որն իր չորրորդ գիրքն է գրում Ցեղասպանության մասին, եւ որին արգելվել է Թուրքիա ոտք դնել, լրագրող Ալի Բայրամողլին, որն առաջինը Թուրքիայում եւ Ֆրանսիայում խոսեց հայերի ցեղասպանությունից, եւ որին այսօր լռեցրել են, իմ մտերիմ ընկեր, իրավաբան Օսման Կավալան, որն իր հայապաշտպան գաղափարների պատճառով հայտնվել է բանտում եւ ճնշվում է անձամբ նախագահի կողմից։ Այսօր հայամետ թուրք մտավորականները վտանգված են, բայց ես վստահ եմ՝ դիկտատոր կառավարիչների ու քաղաքական գործիչների վերջը գալու է։ Մենք՝ արվեստագետներս, նույնպես կմահանանք, բայց մեր գործը կշարունակի պայքարել ժամանակի դեմ։

Երբ ես սկսեցի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր նկարել, նպատակ ունեի գեղարվեստորեն ցույց տալ համամարդային «վայրենի» թեմաները։ Չեմ կարող հանդուրժել, երբ վայրենությունը մարդկանց ուղղակի ձեւով է մատուցվում։ Այդպիսի մի պատմություն ընկավ ձեռքս․ 1910 թվականին Օսմանյան կայսրության որոշմամբ 30 հազար թափառական շուն Կոստանդնուպոլսից տեղափոխվում է Մարմարա ծովում գտնվող անմարդաբնակ կղզի։ Լաբորատոր պայմաններում շներին ոչնչացնելու առաջարկի փոխարեն դեպի եվրոպական քաղաքակրթություն ձգտող Թուրքիան նախընտրում է անմարդկային կերպով մաքրել իր երկրի «կեղտը»՝ ճիշտ այնպես, ինչպես տարիներ անց երիտթուրքերը վարվում են հայերի հետ՝ նրանց քշելով Դեր Զորի անապատ։ «Շնային պատմություններ» իմ ֆիլմում ես շների եւ հայերի միջեւ ալեգորիկ կապ չեմ դրել, այլ միայն ցանկացել եմ ցույց տալ՝ ինչ տեսք ունի դիկտատուրան։

․․․Կյանքում ինձ վիճակվել է խաղալ շատ հակասական, ոչ թափանցիկ դերեր։ Մարդը կենդանի է, նրանում չարի արմատներ կան, որոնք նա փորձում է զսպել։ Առանց այդ վատ էներգիայի դու մարդ չես։ Ես շատ պայքարեցի «Արամ» ֆիլմում հայատյաց թուրք Թալաթի դերի համար։ Ռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանն ասում էր․ «Դու հայ ես, ի՞նչպես կարող ես թուրքի դեր խաղալ»։ Կատակով համոզեցի, որ հայից ավելի լավ թուրքի դերը ոչ ոք չի խաղա։ Այս կերպարն ինքնին յուրօրինակ է․ նա մի չար մարդ է, որին սովորեցրել են ատել հայերին, սակայն հարազատին կորցնելով՝ նա կորցնում է իր դեմքը եւ լալիս հասարակ մարդու պես։ Նույն դրամատիկ գիծը կա նաեւ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Անատոլիական պատմություն» ֆիլմում, երբ բազմաթիվ հայերի սպանած թուրք սպան բացահայտում է, որ ինքը հայ է։ Նույնիսկ Ռոբեր Կետիկյանի «Մի խենթի պատմության» իմ սիրելի կերպար Արմենակը, լինելով ազատագրական շարժման մարտիկ, վերջին պահին հրաժարվում է «կույր» պայքար մղել եւ ռումբ դնել հասարակական վայրում՝ վտանգելով անմեղ մարդկանց։

Այս բոլոր ճակատագրերը մի մտքի են բերում՝ աշխարհում ազգայնամոլությունից ավելի վատ բան չի հորինվել։ Ազգային առանձնահատկությունները հարստություն են, սակայն մարդն ավելի հարստանում է՝ դիմացինի տարբերություններն ընդունելով։ Մենք՝ հայերս, մինչ օրս չենք ընկալում, թե ինչպես կարող են սփյուռքահայերը այլ մտածելակերպ, նիստուկաց ու զգացմունքներ ունենալ։ Այս ամենը պիտի վերանա, որպեսզի մեր հայացքն ընդլայնվի դեպի դուրս եւ դեպի մեր ներսը։  Սա է իմ նոր պայքարը։

Լուսանկարները տրամադրել է Սերժ Ավետիքյանը

Գրի առավ Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ