Գլխավոր Վերլուծություն «Ֆրանսիական բերետով տղան»՝ ժամանակի եւ մարդկային ատելության դեմ

«Ֆրանսիական բերետով տղան»՝ ժամանակի եւ մարդկային ատելության դեմ

3427
Տարածել

Ես Սերժ Ավետիքյանն եմ՝ ցեղասպանությունից փրկված սոլոզցի Ավետիսի թոռը: Պապս ծնվել էր մոտ 1900 թվականին՝ բանվորների բազմազավակ ընտանիքում։ Հետաքրքիր է, չէ՞․ հենց աղքատությունն ու թափառաշրջիկի կյանքն են մարդու մեջ արթնացնում երեխա ունենալու եւ ընտանիքը զարգացնելու բնազդը։ Իսկ հարստությունը մարդկանց դարձնում է հաճույքի համար ապրող անհատներ։ Սա հոգեբանություն է, այսօրվա Եվրոպան է այդպիսին։

Թուրքիայի Բուրսա քաղաքից ոչ հեռու գտնվող Սոլոզը մոտ 3500 բնակիչ ուներ, այնտեղ հայերն ու հույները կտորեղենի ու մետաքսի առեւտրով էին զբաղվում։ 1915 թվականին Ավետիքյան ընտանիքը մյուսների հետ տեղահանվում է եւ ոտքով Սոլոզից հասնում Կոնիա քաղաք։ Կոնիայի կառավարիչ Ջելալ բեյը, որը դեմ էր Թուրքիայի կառավարության որոշումներին, գաղտնի կերպով հայերին տեղեկացնում է, որ չշարունակեն ճանապարհը դեպի Դեր Զոր։ Սոլոզցի ընտանիքները ցրվում են Կոնիայի շուրջ փոքրիկ գյուղերում եւ փրկվում։ Մինչեւ 1918 թվականն աշխատելով թուրքերի եւ քրդերի մոտ՝ պատերազմի ավարտից հետո նրանք կրկին վերադառնում են հայրենի գյուղ, հունական զորքերի աջակցությամբ ստեղծում ինքնապաշտպանական խումբ եւ 1920 թվականին իրենց հսկողության տակ առնում ամբողջ շրջանը։ Սակայն 1922 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ազգայնական զորքերի դեմ պայքարում հույները նահանջում են։ Շուտով ընդունվում է որոշում քրիստոնյաներին տեղահանել եւ ուղարկել քրիստոնյա երկրներ՝ Հունաստան եւ Բուլղարիա։ Ավետիքյանները հաստատվում են Բուլղարիայի փոքրիկ Ռուսչուկ (ներկայիս՝ Ռուսե) քաղաքում, որտեղ պապս ամուսնանում է սոլոզցի Աղավնիի հետ։ Նրանք ունենում են վեց զավակ։

1930 թվականին, երբ հայրս՝ Գրիգորը, ինն ամսական էր, աշխատանք չունենալու պատճառով ընտանիքը մեկնում է Ֆրանսիայի Մարսել քաղաք։ 1947 թվականին, հավատալով Ստալինի, հայկական եկեղեցու եւ կոմունիստների հայրենադարձության կոչի անկեղծությանը, 7500 հոգու հետ Ավետիքյանները ճանապարհ են ընկնում Հայաստան։  Նույն նավում հայրս հանդիպում է մորս՝ Սյուզանին։

Ես ծնվել եմ Երեւանի արվարձաններից մեկում՝ «Ախպարաշեն» թաղամասում։ Այն «Մեռելաշենի» դիմաց էր․ միշտ ծիծաղով եմ հիշում, որովհետեւ անվան պատճառով երբեք չհամարձակվեցի այնտեղ ոտք դնել։ Ախպարաշենում կային Հունաստանից, Եգիպտոսից, Ֆրանսիայից եկած հայեր, նաեւ՝ ռուսներ, մոլոկաններ ու ադրբեջանցիներ, որոնք առավոտյան էշով իրենց մթերքը շուկա էին տանում։ Այդ բոլոր լեզուները, մշակույթներն ու զգացմունքներն ի սկզբանե իմ մեջ էին ապրում։ Ինձ բակում «Ֆրանսուա» էին կոչում, որովհետեւ Ֆրանսիայից էի եւ բերետ էի կրում, թեեւ ֆրանսերեն խոսել չգիտեի։

Հայրենադարձները տարբերվում էին մյուսներից․ բոլորը սուրճ էին խմում, կանայք սիգարետ էին ծխում, եւ այդ ամենը տեղացիները քննարկում էին ոչ գեղեցիկ ձեւով։ Վեց տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Աջափնյակ թաղամասի Հալաբյան 21 հասցեում գտնվող շենք։ Ապրում էինք չորս հոգով՝ հայրս, մայրս, քույրս ու ես։ Այդ ընտանեկան մտերմությունն ու  դժվարությունները հարստացրին իմ կյանքը։

Ֆրանսիական թեքումով դպրոց ընդունվեցի։ Այն ֆրանսերենը, որով  խոսում էր ընտանիքս, ես սովորեցի Երեւանում։ Հայրս չէր համակերպվում իրեն բաժին ընկած ճակատագրի հետ, եւ  1970 թվականին մենք վերադարձանք Ֆրանսիա։ 15 տարեկանում, ինչպես հայրս՝ իր պատանեկության շեմին, ես հեռացա հայրենիքից։ Սերունդների շարժման այս գործընթացը մեծ ազդեցություն ունեցավ իմ լեզվամտածողության եւ զգացմունքների վրա։

․․․Սոլոզում առաջին անգամ եղա 1987 թվականին, հետո՝ 2003-ին, 2005-ին եւ  2019-ին։ Ես այնտեղ երեք սերունդ եմ ճանաչել։ Գյուղի մասին պատմող «Մենք նույն ջուրն ենք խմել» ֆիլմս ներկայացվեց ֆրանսերենով, անգելենով եւ թուրքերենով, ցուցադրվեց Փարիզում եւ Ստամբուլում, մասնակցեց ամերիկյան փառատոնների։ Նախորդ տարվա դեկտեմբերին, երբ չորրորդ անգամ գնացի պապական գյուղս, ծերերն արդեն չկային, իսկ երեխաները հասակ էին առել, աշխատանք գտել։ Ֆիլմի շարունակությունը նոր երկխոսություն է երիտասարդության հետ․ ուզում եմ հասկանալ՝ ինչպես է ներսից փոխվում Թուրքիան։ Ժամանակին Սոլոզում վերաբնակեցված, իսլամացված սլավոնական ժողովուրդը՝ պոմակները, այսօր թուրքից ավելի ազգայնամոլ են դարձել։ Սա փոքրամասնությանը բնորոշ տրամաբանություն է, որի խորքում գոյատեւելու բնազդն է։

Մինչ օրս  գյուղի մի մասը համաձայն  չէ իմ այցերին եւ նկարահանումներին․ միֆ կա, որ 15 տարին մեկ վերադառնում եմ՝ հայերի թաքցրած ոսկիները գտնելու։ 2005 թվականին, երբ գյուղում խմբային նկարահանման էինք պատրաստվում, Թուրքիայի արտգործնախարարությունից վերջապես եկավ 10-էջանոց թույլտվությունը։ Որպես ռեժիսորի՝ տեղացիներն ինձ էին մատնացույց արել, եւ ոստիկաններին նախապես հրահանգվել էր ցուցակում «Ավետիքյան» ազգանվան առկայության դեպքում արգելել նկարահանումը։ «Դու չգիտես՝ ինչ է նշանակում հայ լինել»,- ասացի ֆրանսիացի պրոդյուսերիս եւ ռեժիսորի անվան տեղում իր անունը գրեցի։ Երբ տեղ հասանք, թուրք ոստիկանը, դիտմամբ թե անուշադրությամբ չնկատելով խմբի ցուցակում չլինելս, անձնագիրն ինձ հանձնեց եւ հաջողություն մաղթեց։ Հերթական անգամ հյուրընկալվեցի գյուղի սնխչի Շեֆքեթ Բաշոլի տանը, որն անվանի մարդ է։ Սա տարիների բարեկամություն է։

Ես երբեք չեմ ճնշվել հակաթուրքական ատելությամբ։ Սեբաստիայում (ներկայիս՝ Սվաս) ծնված մայրական տատս՝ Ալիս Թաթեոսյանը, ամբողջ ընտանիքից միակ փրկվածն էր, մի որբ, որը 16 տարեկանում կյանքը կապեց իր բախտակից Մեսրոպ Փափազյանի հետ։ Պապս՝ Ավետիսը, Կոնիայում թուրքի տանն աշխատելիս շատ ծանր օրեր էր տեսել, բայց նա թուրքերեն գիտեր, երբեմն թուրքերեն էր խոսում, ուրեմն չէր կարող ատել մեկին, ում հետ համերաշխ էր ապրել։ Պապիս օրինակով ես հասկացա, որ հնարավոր չէ ատել մի ամբողջ ժողովրդի։ Այդ ղեկավարներն են ճնշում նրան եւ դրդում վայրենության։

Այսօր Թուրքիայում միլիոնից ավելի կիսով չափ հայ կա։ Նրանք ընդունում են իրենց արմատները, տարեցները նույնիսկ կրոնափոխվում են, որ անցյալի հետ կապը չկորցնեն։ Ատելությունը պարզագույն հայացք է դեպի դիմացինի ներաշխարհը։

Գրի առավ Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Շարունակելի

Լուսանկարները տրամադրել է Սերժ Ավետիքյանը