Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հրդեհային պաշտպանությունը՝ աշխատանքի անվտանգության բաղադրիչ

Հրդեհային պաշտպանությունը՝ աշխատանքի անվտանգության բաղադրիչ

2295
Տարածել

Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը: Այս տեսչությունը ռիսկի վրա հիմնված ստուգումներ կիրականացնի չորս հարթությունում. սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային, դեղերի շրջանառության եւ դեղագործական գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման, աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության:

Վերջին՝ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ոլորտում ստուգումների հարցաշարում հրդեհային անվտանգության կարգավորումներ են սահնաված. բացահանքի ճանապարհներին շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներում պետք է լինեն հրդեհաշիջման միջոցներ, ֆաբրիկայի արտադրական շինություններում, որոնցում հնարավոր են պայթյունավտանգ եւ հրդեհավտանգ կամ թունավոր գազերի ու գոլորշիների անջատումներ պետք է լինի վթարային արտաձիգ, բացահանքի աշխատողները պետք է տեղյակ լինեն մարդկանց կյանքին սպառնացող վտանգավոր երեւույթներ (մեքենասարքավորումների խափանումներ, սողանքի, հանքաստիճանի փլուզման, հրդեհի եւ արտակարգ այլ երեւույթների առաջացման նշաններ) նկատելու դեպքում իրենց պարտականությունների մասին, հրդեհի ծագման դեպքում բացահանքի այն տեղամասերում, որտեղ առաջացել է հրդեհապայթյունավտանգ իրավիճակ, պետք է պարտադիր կարգով դադարեցվեն բոլոր աշխատանքները, իրավիճակի մասին տեղեկացվեն կազմակերպության ղեկավարությունը, հրշեջ եւ լեռնափրկարար ծառայությունները:

ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշմամբ արդեն հաստատվել էր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի վերահսկողության տակ գտնվող ոլորտներում ռիսկի վրա հիմնված ստուգումների հարցաշարերի փաթեթը: Տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ապահովման 23 ուղղություն է առանձնացված. ընդհանուր նշանակության պահեստների եւ բազաների համար, անտառանյութի եւ սղոցանյութի պահեստների համար, 200 քմ եւ ավելի մակերեսով առեւտրի եւ հասարակական սննդի օբյեկտների համար, մինչեւ 200 քմ մակերեսով առեւտրի եւ հասարակական սննդի օբյեկտների համար, 200 քմ եւ ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների համար, մինչեւ 200 քմ մակերեսով արտադրական կազմակերպությունների համար, բենզալցակայանների համար, բնակելի շենքերի, հյուրանոցների եւ հանրակացարանների համար, գազալցավորման կայանների համար, գիտական եւ ուսումնական հաստատությունների համար, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների համար, գյուղատնտեսական նշանակության պահեստների համար, առողջարարական, հանգստյան տների եւ զբոսաշրջության հաստատությունների համար, հիվանդանոցների, պոլիկլինիկաների եւ ամբուլատորիաների համար, կառավարման հիմնարկների համար, մանկական նախադպրոցական հիմնարկների համար, 800 եւ ավելի նստատեղերով մշակութային հիմնարկների համար, մինչեւ 800 նստատեղով մշակութային հիմնարկների համար, նավթամթերքների պահեստների համար, պայթուցիկ նյութերի պահեստների համար, սոցիալական ապահովության կազմակերպությունների (ծերանոցներ, հաշմանդամների տներ, մանկատներ) համար, տրանսպորտային (ավտոմոբիլային եւ երկաթուղային) հիմնարկների համար, հեղուկ, բնական գազերի պահեստների համար:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ