Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ-ը կմասնակցի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» ծրագրի մշտադիտարկմանը

ԱԻՆ-ը կմասնակցի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» ծրագրի մշտադիտարկմանը

2148
Տարածել

Սկսած 2000-ական թվականներից աշխարհում ավելի ու ավելի էր ամրապնդվում միտքը, թե խաղաղության եւ անվտանգության համակողմանի եւ ընդգրկուն լինելու համար անհրաժեշտ է ապահովել կանանց իրավահավասար ներգրավումը: Այս հիմքով էլ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհուրդը (ԱԽ) 2000 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունել է «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» 1325 բանաձեւը: Սա ՄԱԿ-ի ընդունած նմանատիպ առաջին փաստաթուղթն է, որն ինստիտուցիոնալ առումով անդրադառնում է կանանց նկատմամբ զինված հակամարտությունների ազդեցությանը, զինված հակամարտությունների կանխարգելման, կարգավորման եւ խաղաղաշինության գործընթացին կանանց ներգրավմանը: Բանաձեւն անդրադառնում է հակամարտությունների կանխարգելմանն ու լուծմանը, խաղաղ կարգավորման բանակցություններին, խաղաղապահության, խաղաղաշինության, մարդասիրական այլ առաքելություններին, հետկոնֆլիկտային շրջանում վերականգնողական գործողություններին:

Հայաստանը միացել է փաստաթղթին: ՀՀ կառավարությունը 2019 թվականի փետրվարի 28-ին ընդունել է 1325 բանաձեւի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը: Հիմա էլ կառավարությունը ստեղծել է ծրագրի իրականացման մշտադիտարկման հանձնաժողով, որում ներկայացված է նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունը: ԱԻՆ ներկայացուցիչը փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ինքնավար կառավարման համակարգերի բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Աբրահամյանն է:

1325 բանաձեւը հինգ հիմնական ուղղություն ունի.

կանխարգելում (prevention)

պաշտպանություն (protection)

մասնակցություն (participation)

օժանդակություն ու վերականգնում (relief and recovery)

մշտադիտարկում (monitoring)

Այս ուղղություններով կիրականացվի 18 գործողություն. քաղաքացիական անվտանգության մշակույթի ձեւավորում, գլխավորապես սահմանամերձ բնակավայրերում, պաշտպանության համակարգում քաղաքականության մշակման եւ որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության խթանում, կանանց, անվտանգության եւ խաղաղության թեմաներով իրազեկվածության բարձրացում եւ այլն: