Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱԻՆ բժիշկները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

ԱԻՆ բժիշկները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

1873
Տարածել

Կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված արտակարգ դրության առաջին իսկ օրվանից Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր ստորաբաժանումները բերվել են բարձր պատրաստվածության։

ԱԻՆ Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունում ձեւավորվել է 4 ֆելդշերական բրիգադ, որոնց տրամադրվել են արտահագուստ եւ պաշտպանիչ միջոցներ։

Մարտի 13-ից ապրիլի 20-ը բրիգադներն իրականացրել են 37 երթ՝ 128 կոնտակտավորի Երեւանից տեղափոխելով Ծաղկաձոր քաղաքի մեկուսարան։ Նույն ժամանակահատվածում 911 ծառայություն ստացված ահազանգերից  808 դեպքում տրվել է բժշկական խորհրդատվություն։

Մարտի 25-31-ը վարչության մասնագետները կատարել են Լուսակերտի ուսումնական բազայի մեկուսարանում տեղավորված 11 փրկարարի ամենօրյա բուժզննում, հսկողություն, կազմակերպվել է նրանց թեստավորումն Աբովյան քաղաքում։ Դրական ախտորոշում ունեցող 1 ծառայող տեղափոխվել է ոստիկանության հոսպիտալ։ Հիվանդության գաղտնի շրջանով պայմանավորված՝ իրականացվել է հավանական կոնտակտավոր 38 հրշեջ-փրկարարի կրկնակի բուժզննում։

Ամենօրյա բժշկական հսկողություն է սահմանվել նաեւ ԱԻՆ կենտրոնական ապարատի աշխատողների համար։

Առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակում ապրիլի 13-ից վարչության 6 բժիշկ եւ 6 բուժակ գործուղվել են առողջապահության նախարարության թեժ գիծ եւ երեք հերթափոխով իրականացնում են բժշկական խորհրդատվություն՝ հիվանդության կլինիկական նշանների դրսեւորման, դիմելիության, թեստավորման կարգերի եւ այլ հարցերի շուրջ։

Վարչության պետ, փ/ծ գնդապետ Կորյուն Աթոյանի խոսքով՝ սկզբնական շրջանում արտերկրից ժամանած մեր հայրենակիցները, որոնք օդային սահմանի վերահսկողության պատճառով  օրեր շարունակ չէին կարողացել տուն վերադառնալ, գտնվում էին սթրեսային վիճակում եւ խոչընդոտում կանխարգելիչ աշխատանքներին։ Սակայն հիմա վիճակը կայունացել է, մարդիկ ավելի տեղեկացված են եւ հանգիստ։

Բուժվարչության շտապօգնության 5 մեքենան աշխատում են շուրջօրյա, բոլոր վարորդները, անկախ աշխատանքային գրաֆիկից, անհրաժեշտության դեպքում ներկայանում են նախարարություն։ Ամեն ելքից հետո մեքենաներն ախտահանվում են։ Վարչությունը նաեւ շուրջօրյա մոնիթորինգ է իրականացնում մարզերում։

Ի պատասխան հարցին՝ արդյոք վարակակրության դեպքերի ավելացմանը զուգահեռ անհրաժեշտություն չի առաջանա կամավորների հավաքագրման, Կորյուն Աթոյանը նշեց, որ առայժմ բուժանձնակազմի ուժերը բավականացնում են։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է բժշկական ապահովման վարչությունը