Գլխավոր Վերլուծություն Սասնո արմատները՝ Իրինդում

Սասնո արմատները՝ Իրինդում

2830
Տարածել

-Պապական տունս վառված է, Շնկո՛, մոխիրն էլ քամին տարավ։

-Ո՞վ վառեց քու տունը,- անհամբերությամբ հարցրեց Շնկոն՝ խիստ վրդովված կատարված դժբախտության հանդեպ։

-Շաբաբ աղան։ ․․․Ուզեց իմ տունը մարագ դարձնել, թույլ  չտվի, կրակ գցեց ու վառեց։

-Եվ դու նրան կենդանի՞թողեցիր։

-Գավազանով մեջքին զարկեցի, վայր ընկավ։

-Գլուխը պիտի փշրեիր։ Էդպիսի մարդն իրավունք չունի ապրելու արեւի տակ։ Ատլասի պես կնոջը թոնրի մեջ վառեց, հիմա էլ քեզ է ուզում քշել գյուղից։

-Նրա մեջքին սուլթանն է կանգնած, Շնկո՛, Բիթլիսի վալին ու Մուշի փաշան, իսկ իմ ետեւը՝ սարի քամի է․․․

Հատված Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպից

Սասուն գավառի Շեն գյուղից Ասատուրը, որին քրդերը Խոդեդան էին կոչում, թշնամու հետ կռիվ տալով՝ երկու եղբայրների՝ Ստեփանի ու Արշակի, երկու քույրերի ու երկու դուստրերի հետ հասել էր Թալինի շրջանի Իրինդ գյուղ։ Հսկա գերդաստանի մի փոքր մասն էր փրկվել․ քրդերը հատկապես չէին խնայել երեխաներին։

Ստեփանն Անդրանիկի զինվորն էր, թուրքերենի ու քրդերենի թարգմանիչ։ Արշակն արդեն 30-անց տղամարդ էր, երբ Խոդեդանը Ներքին Բազմաբերդ գնաց եւ 12 ոսկիով նրա համար կին բերեց իրենց հայրենակից, «Տերտերի տան» աղջիկ, 12-ամյա Դեղձանիկին։ Աղջիկն ու նրա հորեղբայրը փրկվել էին դեպի Ալեքսանդրապոլ գաղթի ճանապարհին։ 7-ամյա Դեղձանիկը հայտնվել էր Ալեքսանդրապոլի որբանոցում։ Երբ միսիոներները ցանկացել էին նրան Ամերիկա տանել, հորեղբայրն ընդդիմացել էր, հետ բերել ու մեծացրել իր երեխայի պես։

Արշակն ու Դեղձանիկը 8 զավակ ունեցան՝ 6 աղջիկ, 2 տղա։ Կոլխոզում էին աշխատում։ Երբեմն նստում էին տան շեմին եւ հայրենիքի կարոտից արտասվում։ Դեղձանիկը հիշում էր մահացած մոր կրծքի վրա մնացած 8-ամսական եղբորը, իրենց երկհարկանի տունը,  որի դիմաց աղբյուր ու մեծ ընկուզենի կար, հորեղբայր Առաքելին՝ Արաբոյին, որը հաշվեհարդար էր տեսել իր հորը ծեծող քրդի ընտանիքի հետ ու փախել լեռներ՝ հավաքելով ֆիդայիների, Ալեքսանդրապոլում գաղթականների ձեռքի «կատոլիկները», որոնց մեջ խոհարարը մի շերեփ ճաշ էր լցնում, ու վերմիշելով փլավը, որի անունն անգամ չէին լսել։

Ավանդապաշտ ու գաղտնապահ կին էր Դեղձանիկը։ Արդեն 80-ին մոտ էր, բայց նույն եռանդով ու «համով ձեռքով» թփով կոլոլակ ու կարմիր լոբով շորվա էր եփում։ «Մամո՛, դու գունդը բացի, ես կթխեմ»,- խնդրում էր մեծ հարսը՝ Լարիսան։ «Լաո՛, դու ջահել  իս, կրակ թող չառնի քու երեսին»,- տարազի «փեշը» խնամքով ծալելով՝ թոնրի շրթին էր ծնկում սկեսուրը։

Դեղձանիկը հեռացավ՝ իր թխած լավաշի ու գաթայի անուշ բույրի հետ տանելով նաեւ մայրական խաղաղությունը։

Ծնողների մահից հետո ավագ որդին՝ Մարտունը, եղավ նրանց կորցրած հողում։ Յոթ օր շրջեց ու ոչինչ չգտավ․ Խոդեդանի եւ մյուսների՝ զուլալ աղբյուրներով, կանաչ սերթուփերով եւ անտառներով հարուստ Սասունը դարձել էր քրդերի գետնափոր տների պես գորշ ու անդեմ։ Աչքի առջեւով անցավ հոր պատմածը՝ ինչպես էին քրդերը կիլոմետրեր կտրում, թալանում  ու կոտորում հայ տարեցներին։

Այսօր Մարտուն պապը թոշակառու է, տան հոգսով ու այգու մշակմամբ է զբաղվում։ Ժամանակին մի քանի մասնագիտություն է ստացել, 14 զավակին չարչարանքով բարձրագույն կրթության տվել։ Հպարտանում է՝ 6 որդին զինվորական են, դեռ Արցախյան պատերազմի տարիներին՝ տակավին 10-15 տարեկան, թիկունքում են եղել։ Ամեն տարի բանակին 2-3 թոռ է տալիս։ Բոլորին մեծացրել ու ամուսնացրել է Էրգրի ավանդույթներով՝ յոթ օր, յոթ գիշեր հարսանիքով, Սասնա երգերով, զուռնա դհոլով, մեծից փոքր պարելով։ Վեց քույրն ամենքը 8-9 զավակ են ծնել։ Երբ իրար գլխի են հավաքվում, հայրական տունը դառնում է «հարսանքատուն»։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝  Խոդեդանի գերդաստանի երկրորդ սերնդի ներկայացուցիչ, Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Ոսկան Մարկոսյանի