Գլխավոր Ուսուցողական նյութեր Շրջայց աշխարհի հրշեջ-կայաններով (լուսանկարներ)

Շրջայց աշխարհի հրշեջ-կայաններով (լուսանկարներ)

1740
Տարածել

Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով հեռավար կրթության ներդրումը լայն հնարավորություններ ստեղծեց։ Այժմ հնարավոր է մեկ կոճակի սեղմումով միանալ աշխարհի մոտ 400 համալսարանների առցանց դասերին, վիտուալ շրջագայել լավագույն թանգարաններում։

Ինքնամեկուսացումը հարմար առիթ է նոր գիտելիք ձեռք բերելու համար։ Առաջարկում ենք ծանոթանալ  աշխարհում հրշեջ ծառայության տեսարժան շենքերին, որոնք աչքի են ընկնում ոչ միայն կառուցվածքային ամրությամբ, այլեւ հետաքրքիր ճարտարապետական լուծումներով։

Թալի հրշեջ-կայան, Շվեյցարիա

Մակերեսը 1850 քմ է, կառուցվել է 2011 թվականին։ Հիմնական շինանյութը  աղյուսն է ու փայտը։ Առաջին հարկում ավտոտնակն է՝ երկու հրշեջ-մեքենաներով, դիսպետչերական կետը, իսկ երկրորդում՝ դասասենյակը, հանգստի սենյակները, արխիվը։ Արտակարգ դրության ժամանակ ուղղաթիռների վայրէջի համար նախագծվել է հատուկ տարածք։

Դալասի թիվ 27 հրշեջ-կայան, ԱՄՆ՝ Տեքսաս

23600 քմ մակերեսով այս կառույցը կառուցվել է նախորդի՝ 4000 քմ մակերեսով հրշեջ-մասի տեղում։ Համարվում է վերջին 100 տարում Դալասի միակ բարձրահարկ հրշեջ-կայանը։ Շենքի ուղղահայաց դիրքը պայմանավորված է քաղաքի խիտ ծանրաբեռնվածությամբ։ Նկուղային հարկում անձնական մեքենաների համար նախատեսված կայատեղին է, առաջին հարկում՝ աշխատանքային եւ հանգստի սենյակները, երկրորդում՝ նորարարական մարզասրահը։

Բնակելի հատվածի հետ սերտ կապը պահպանելու նպատակով հրշեջ-մասի ներսում նախագծվել է ատրիում (բացօդյա տարածություն): Բոլորը կարող են այցելել եւ տեսնել լեգենդար թիվ 27  հրշեջ-մեքենայի շարժիչը, այլ հրշեջ սարքավորումներ, լսել հրշեջ ծառայության պատմությունը, այդ թվում՝ առաջին կին հրշեջների եւ նախկին հրամանատար, կապիտան Ռալֆ Լաքի մասին, որն ահաբեկչության զոհ է դարձել 1975 թվականին։

Մարգրայդի հրշեջ-կայան, Իտալիա

Մակերեսը՝ 690 քմ, կառուցվել է 2010 թվականին՝ Գինու փողոցում։ Համարվում է կամավորական հրշեջ-կայան։ Ճարտարապետական հնարքը բավական արդյունավետ է․ ժայռի մեջ բացված երեք մեծ քարանձավները մուտքի մոտ միանում են բետոնե պատով։ Այն նաեւ պաշտպանում է հրշեջներին քարաթափումներից։ Ներսում երկու ավտոտնակ է՝ ապակեպատ պատերով, ինչը թույլ է տալիս անցորդներին դրսից հիանալ մեքենաներով։ էներգախնայողության հարցը լուծվել է բնական ճանապարհով․ քարանձավների խորքում, որտեղ հիմնական աշխատանքային եւ հանգստի սենյակներն են,  ցուրտ ձմռանը +12 աստիճան է։

Սան Տիրսոյի հրշեջ-կայան, Պորտուգալիա

Մակերեսը՝ 1400 քմ, կառուցվել է 2013 թվականին։ Բաղկացած է լոբբիից (նախասրահ), ընդունարանից եւ վարչական մասից, նիստերի դահլիճից, պահեստից։ Շրջապատված է կանաչ գոտիով, ինչն արվել է բնապահպանական նպատակով։ Հրշեջներն անձամբ են պատասխանատու իրենց տարածքի անհետացող բուսաստեսակների անվտանգության համար։

Կենտրոնական հրշեջ-կայան, Սինգապուր

Այս կառույցը Սինգապուրի ամենահին հրշեջ-մասն է, գտնվում է Հիլլ փողոցում։ Հրշեջ մասը նաեւ Սինգապուրի քաղպաշտպանության ժառանգության լուսանկարների թանգարան է։

Մասնագիտացված հրշեջ-կայան ստեղծելու գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ 1855 թվականին Քլինգ փողոցում բռնկված հրդեհը 13 հազար դոլարի նյութական վնաս պատճառեց։ Շինարությունը սկսվեց 1905 թվականին՝ կամավոր հրշեջ-ջոկատի հրամանատար Մոնտեգյու Պետայի հսկողությամբ եւ ավարտվեց 1909 թվականին։ Ընդհանուր ծախսը կազմեց 64 հազար դոլար։ Երբ հրշեջ ծառայության ղեկավար նշանակվեց Պետանը, սկսվեցին մեծ բարեփոխումներ։ Բարելավվեցին հրշեջների աշխատանքային պայմանները,  ձեռք բերվեց նոր տեխնիկա: 1998 թվականին կենտրոնական հրշեջ-կայանը հռչակվել է ազգային հուշարձան։

Hook & Ladder Company  8, ԱՄՆ՝ Նյու Յորք

Այս հրշեջ-կայանը հայտնի է դարձել «Ուրվականների որսորդները» կատակերգական ֆիմի շնորհիվ։

Կառուցվել է 1903 թվականին։  2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ Hook & Ladder Company  8  բրիգադի հրշեջներն առաջնագծում էին։  Երբ 2011 թվականին քաղաքային իշխանությունները գումար խնայելու նպատակով որոշեցին փակել Նյու Յորքի 20 հրշեջ-կայաններ,  դերասան, նախկին հրշեջ Սթիվ Բուշեմին  եւ այլ ակտիվիստներ փրկեցին Hook & Ladder Company  8-ը։ 2016-2018 թվականներին շենքի վերանորոգման համար ծախսվել է 6 միլիոն դոլար։

«Ավե Ֆենիքս» հրշեջ-կայան, Մեքսիկա

Մակերեսը՝ 2400 քմ, կառուցվել է 2005 թվականին։ Շենքը , բացի հիմնական մասից, ունի նաեւ խորհրդատվությունների համար նախատեսված տարածք եւ կրթական կենտրոն,  որոնք  բաց են հանրության համար։

Դրսից սովորական մեծ արկղ հիշեցնող ձանձրալի շենքը նախաշեմից լիովին փոխվում է։ Այն կարծես աստիճանավանդակներով եւ գունային համադրումներով մեծ թանգարան լինի, որտեղ շրջագայությունն ավարտվում է ուղղաթիռի համար նախատեսված հարթակում։

NBHW հրշեջ-կայան, Նիդերլանդներ

Մակերեսը՝ 11815 քմ, կառուցվել է 2010 թվականին։ Շենքն ունի բարդ կառուցվածք՝ պայմանավորված հրշեջ-կայանի եւ մոտակա ջրավազանի միջեւ հեռավորությամբ եւ քաղաքային  խիստ կանոններով։  Բարձրությունը 20 մետր է, այն Ալքմաար քաղաքի այցեքարտն է։

Քյոլնի հրշեջ-ջոկատների կառավարման եւուսուցման կենտրոն, Գերմանիա

Գոթական ոճով հայտնի Քյոլնում նույնիսկ հրշեջ-կայանն է «սատանայական»։ Շենքը դրսից ունի կրակի լեզվակների տեսք, որոնք շարժական են եւ ժամանակակից ճարտարապետության լավագույն նմուշներից է։ BFM կազմակերպության այս նախագծի շինարարությունն ավարտվել է 2006 թվականին։ Քառահարկ շենքի ներսում վառ գունային խառնուրդ է, ապակե կամուրջներ, փրկարարների համար նախատեսված  եւ վարչական սենյակներ, դպրոց, զանգերի կենտրոն։

Հաութենի թիվ 373 հրշեջ-կայան, Նիդերլանդներ

Մակերեսը՝ 1100 քմ, կառուցվել է 2000 թվականին։ Հաութենի քաղաքային իշխանությունների որոշմամբ՝ պարաբոլի տեսք ունեցող շենքը կառուցվել է մեծ կանաչ գոտում, ունի 6 հրշեջ-մեքենա, հրշեջներից 4-ը մասնագետ են, 60-ը՝ կամավոր։

Հրապարակումը պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ