Գլխավոր Հրշեջ-փրկարարներ «Լավագույն փրկարար-2019»․ Աղասի Ավետիսյան

«Լավագույն փրկարար-2019»․ Աղասի Ավետիսյան

2262
Տարածել

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2019 թվականին «Լավագույն փրկարար» է ճանաչվել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 17-րդ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա Աղասի Ավետիսյանը։

Ժայռերի ու լեռների հանդեպ մեծ սերն է քարաշամբցի, 27-ամյա Աղասիին բերել փրկարար ծառայություն։ 7 տարեկանից ոչ մի բարձունքից չի վախենում։ «2016 թվականին՝ բանակից հետո, աշխատանք էի փնտրում․ երեք տարի ՀՆՓԱԻԿ-ում վարորդ- փրկարար էի, դրանից հետո՝ լեռնափրկարար։ Այնքան էի հրշեջ մեքենային սովորել, որ իմ թեթեւ մարդատարը խորթ էր թվում (ծիծաղում է․-հեղ․)։ Անհնար է չսիրել այս գործը, այն հոգուդ եւ էությանդ մի մասն է դառնում»,- անկեղծանում է Աղասին։

Վարորդ-փրկարարի աշխատանքում մի ոսկե կանոն կա՝ պետք է աչքի լույսի պես պահել մեքենան։ Այն առնվազն 5 ընտանիք է տեղափոխում մի վայր, որտեղ ոչինչ կանխատեսելի չէ։

Ծառայակից փորձառու ընկերների հոգատարությունն ու խորհուրդներն են մղում իրեն ավելի լավը դառնալու։ Պատմում է՝ տարիներ առաջ ինքն ու ընկերը մեծ ավտովթարի էին ականատես եղել։ Մեքենայի վարորդն արգելափակվել էր, լուրջ կոտրվածքներ ուներ։ Մարդիկ, գազի արտահոսք զգալով, հեռու էին փախչում։ Մինչեւ օգնության հասնելը տղաներն օգնել էին դուրս բերել տուժածին եւ տեղափոխել հիվանդանոց։ Մի օր անսպասելի հանդիպելով արդեն առողջացած տղամարդուն՝ հասկացել էին, որ դեպքի վայրում իրենց հայտնվելը պատահական չէր։

Աղասիի խոսքով՝ սովորաբար բոլորից երախտապարտը տարեցներն են։ Բավական է միայն փակ դուռը բացել, եւ նրանք քո առջեւ կդնեն իրենց վերջին կոնֆետը, թխվածքը, կոմպոտը։ Մերժելը գրեթե անհնար է։ «Ահազանգ ստացանք, որ տատիկը դրսում է մնացել, բանալին՝ տանը։ 12 հարկանի շենքի 6-րդ հարկում էր ապրում։ Տանիք բարձրացա, որ պարանով իջնեմ ու հասնեմ պատուհանին։ Տատը համոզում էր՝ «Բալա՛ ջան, իջի՛ր, դուռս ջարդի՛ր, մենակ չընկնես»։ Դուռը հաջողությամբ բացեցի․ իմ ընկնելու մտքից տատի ինքնազգացողությունը վատացել էր։ Երկար զրուցեցինք, հանգստացրինք»,- ժպիտով հիշում է երիտասարդ լեռնափրկարարը։

Քիչ չեն դեպքերը, երբ ինքն է հայտնվել ծուղակում, ինչպես երկու տարի առաջ Աբովյանի Զառ գյուղի ճանապարհին բարձրացած ձնաբքի ժամանակ, երբ հղի կնոջն օգնության շտապելիս Աղասին մոլորվել էր տասնյակ մեքենաների եւ վատ տեսանելիության պատճառով։ Օրն ավարտվել էր զավեշտալի միջադեպով։ Հղի եւ մանկահասակ երեխա ունեցող երկու կանանց մասին ահազանգի հետքով փրկարարները գտել էին միայն մեկին՝ տիկնոջը երեխայի հետ։ Ուշացումով պարզվել էր՝ կինն այն հղին էր, որին բոլորը փնտրում են։

Երկրում հայտարարված արտակարգ դրությունն Աղասիի կյանքում շատ բան է փոխել։ 2-ամյա որդու հայրը բավական ժամանակ ունի իր հարցասեր, «ամեն գործի խառնվող» փոքրիկին տրամադրելու։ Առավոտյան վազքն օրվա պարտադիր սկիզբն է․ այն օգնում է հոգեպես հավասակշռված մնալ, ինչը փրկարարի գործում ամենակարեւորն է։ Աշխատանքից դուրս մրգատու ծառերի մշակմամբ է զբաղվում։ Կեսը վաճառում է, կեսը՝ բաժին հանում հարազատներին։ Քարաշամբի մասին Աղասին միշտ հպարտությամբ է խոսում․ հնագիտական գտածոներով եւ բնությամբ հարուստ այս փոքրիկ անկյունը լավ հյուրընկալության իր գաղտնիքներն ունի։

Լեռնափրկարարը նաեւ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է, ապագա ծրագրավորող եւ միկրոէլեկտրատեխնիկ։ Տարված է ռոբոտոտեխնիկայով․ ասում է՝ փրկարարական աշխատանքներում ռոբոտների կիրառումն իրատեսական է, բայց ոչ՝ խորությամբ ուսումնասիրված։ Երբ ռոբոտը հրդեհի ժամանակ կարողանա փոխել առաջադրանքն ու հրդեհաշիջման փոխարեն տուժածին օգնել, այնժամ կարող ենք ասել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակից առաջ են անցել։

 

Գրի առավ Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Աղասի Ավետիսյանը