Գլխավոր Վերլուծություն Երգ՝ կրակոցների փոխարեն

Երգ՝ կրակոցների փոխարեն

2008
Տարածել

Հայրս պատերազմ էր գնացել: Վեց տարեկան էի, երբ ձեռքիս մեջ պայթեց հակատանկային արկի ապահովիչը: Երեք ամիս  չքայլեցի, ականջներումս խշշոց էր: Դրանից հետո ամեն տարի չորս-հինգ բեկոր էի հանում մարմնիցս։ Մի օր էլ լուր եկավ, որ մեր շենքի Գեղամը, Կառլենն ու Գագիկը տանկի արկն են գցել կրակի մեջ: Գագոն վիրավոր էր։

Ստեփանակերտը հաճախ էին ռմբակոծում, չկար մի տուն, որի լուսամուտն ապակի ունենար: Երեք երեխա էինք․ ես փոքրն էի: Մեր եռահարկ շենքից  7-8 հոգի զոհվեց, այդ թվում՝ մանկությանս ընկերն ու իր հայրը, որ պատերազմում մի փամփուշտի վիրավորում չէր ստացել. հրադադարից 20 օր անց պատահաբար ականի վրա ոտք դրին:

Հայրս հրետանային գնդում էր, հետո տեղափոխվեց առաջնագիծ։

… Ապրիլի 2-ն էր։ Առավոտյան եղբայրս զանգեց ու ասաց, որ պատերազմ է։ Երեւանից վերադարձա Ստեփանակերտի զինկոմիսարիատ, որտեղ հաշվառված էի։ Հրահանգեցին սպասել։ Ապրիլի 3-ի լույս գիշերը կրկին հավաքվեցինք ու ավտոբուսներով մեկնեցինք «Եղնիկներ» զորամաս։ Հագուստ ու զենք ստացանք, 4 հոգուս՝ ինձ, Սասունին, Արթուրին ու Արմենին, Թալիշ գյուղի ծայրամասային դիրք տարան։ Մարտի դաշտում սկսվեց մեր մեծ ընկերությունը։

Երկկողմանի հրետակոծություն էր, ապրիլի 5-ին միայն խաղաղվեց։  Իմը 120 մմ ականանետն էր։  Լսել էինք, որ  Ջեբրայիլում ու Թալիշում դիրքեր ենք զիջել։ Միակ միտքն այն էր, որ պահենք մեր դիրքը, հարձակում թույլ չտանք։ Բարեբախտաբար զոհ չունեցանք։ Մեզնից ոչ հեռու լուսադեմին հակառակորդի գնդակից ընկավ իմ գործընկեր Մարատը․ ընկերոջ համար սուրճ էր տանում խրամատ։ Հիշում եմ՝ կնոջ անունով ծաղկի խանութ ուներ՝ «Լուսինե»․ Երեւանից ծաղիկներ էր բերում, կինը՝ վաճառում։

Հրադադարից հետո մարտկոցի հրամանատարի հետ պայմանավորվեցինք, որ գիշերները միայն չորս կամավորով հերթապահենք։ Ջահելները նեղանում էին, չէին համաձայնում։ Մեր դիրքում հավասար էին ամեն տարիք ու պաշտոն․ հերթով աղբյուր ջրի էինք գնում, հերթով խրամատ փորում։ Հայրենասիրության հոմանիշները շատ են, բայց ոչ ոք չի կարող զգալ հայրենի հողի գինն այնպես, ինչպես խրամատում  գտնվող 18-ամյա զինվորը։ Նա չի էլ մտածում՝ կվերադառնա տուն, թե ոչ։ Նա ապրում է ամեն պահով, օրով, ուրախանում իր ամեն արձակած գնդակից։ Դրանում է նրա ուժը։ Իսկ մեր՝ մեծերիս, մտքին միայն ընտանիքն էր, հոգսը պատերազմից հետո։

Առաջին օրերին ո՛չ ներքին կապ կար, ո՛չ բջջային։ Թալիշցի մի ձիավորի հանդիպեցինք, որ անտառում իր նախիրն էր կորցրել։ Կապի ծածկույթի տեղը ցույց տվեց։ Երկու-երեք օրը մեկ կիլոմետրից ավելի բարձրանում էինք սարը՝ տնեցիքի հետ խոսելու։ Զորամասի հրամանատարության թույլտվությամբ 5 կմ հեռավորությունից լար քաշեցինք ներքին կապի համար։

600 կգ կարտոֆիլ  ունեինք՝ զորավարժարանի պահուստը։ Մինչ հրադադարը դրանով ու պահածոներով էինք սնվում, երբեմն՝ անտառից սունկ հավաքում։ Անձրեւն օրերով չէր դադարում։ Ճտքավոր կոշիկ, անձրեւանոց ու քնապարկ ստացանք․ դրանց կարիքը շատ կար։ Դպրոցներն ու կազմակերպությունները ծանրոցներ էին ուղարկել․ անգիր հիշում եմ Բարձրաշեն գյուղի աշակերտների նամակը «Սիրելի զինվորին»։

Տղերքի մեջ լավ ձայն ունեցողներ կային․ երբ կրակոցները դադարում էին, սկսում էինք երգել։  Մայիսի 25-ին տուն պիտի վերադառնայինք, զինվորները նեղսրտել էին։ Ստեփանակերտի թանգարան տանելու համար Լեննականցուց խնդրեցի երկու կավե պուլիկները, որ գտել էինք թաքստոց փորելիս։ Մերժեց․ պատերազմից հետը հուշ տարավ տուն։

Շուրջբոլորը կանաչել էր, բայց հրետանու արկերի ընկած տեղում այդպես էլ  չոր մնաց։ Տանս ճանապարհը շատ էի կարոտել։

 

Պատմությունն ու լուսանկարները՝ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Վարդանյանի

Հոդվածաշարը նվիրվում է Ապրիլյան քառօրյա պատերազմը վերապրածներին

Գրի առավ Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ