Գլխավոր ՀՀ ԱԻՆ «Քաղաքային վայրերում խոշոր հրդեհների մարման նորարարական եղանակներ»․ վերապատրաստում Ռուսաստանում

«Քաղաքային վայրերում խոշոր հրդեհների մարման նորարարական եղանակներ»․ վերապատրաստում Ռուսաստանում

1384
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն՝ մարտի 9-23-ը ՌԴ ԱԻՆ Մոսկվայի քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում անցկացվել  է «Քաղաքային վայրերում (բարձրահարկ շենքերում) խոշոր հրդեհների մարման նորարարական եղանակներ» թեմայով դասընթաց, որին մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական  ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանը, ԵՓՎ թիվ 5 հրշեջ–փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հենրիկ Սիմոնյանը, ԵՓՎ թիվ 7 ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Ահարոն Գեւորգյանը, ԵՓՎ թիվ 3 ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Նորայր Հարությունյանը, ՓԾ ՓՈՒՎ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Վլադիմիր Պետրոսյանը։

Դասընթացի թեմաներն էին «Որպես գլխավոր (առաջատար) ուսումնական հաստատություն՝ քաղաքացիական պաշտպանության, ԱԻ կանխարգելման եւ հետեւանքների վերացման պետական միասնական համակարգի կադրերի նախապատրաստումը», «Արտակարգ իրավիճակներ, դրանց դասակարգումը եւ հնարավոր հետեւանքները», «Միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները», «Բարձրահարկ շենքերում հրդեհաշիջումը, վթարափրկարարական եւ անհետաձգելի աշխատանքների իրականացումը», «Բնակչության եւ տարածքների պաշտպանության համակարգը․ ուժերի եւ միջոցների կազմը եւ կառուցվածքը», «Հրդեհաշիջումը, վթարափրկարարական եւ անհետաձգելի աշխատանքների իրականացումը թունելներում», «Հրդեհաշիջումը, վթարափրկարարական եւ անհետաձգելի աշխատանքների իրականացումը ավիացիայի, հատուկ սարքավորումներով զինված (համալրված) հրշեջ ավտոմեքենաների եւ քաղաքային պայմաններում  հատուկ հրշեջ-փրկարարական տեխնիկայի ներգրավմամբ», «Գազածխապաշտպանության օղակների միջոցով վթարափրկարարական եւ անհետաձգելի աշխատանքների իրականացումն արտակարգ իրավիճակներում» եւ այլն։

Պատվիրակության ղեկավար Տիգրան Պետրոսյանի հաղորդմամբ՝ այցելել են նաեւ հատուկ հրշեջ-ջոկատներ, ծանոթացել բարձահարկ շենքերում հրդեհաշիջման ժամանակակից մոտեցումներին։ Հայ փրկարարներին հատկապես տպավորել էր ծխահեռացման հզոր համակարգը, որը զգալիորեն հեշտացնում է հրդեհաշիջումը։

Երեւանի թիվ 3 ՀՓՋ հրամանատար Նորայր Հարությունյանն առանձնացրեց ռուսական կողմի նորագույն տեխնիկան՝ 100 մետր բարձրությամբ ավտոսանդուղքը, սեղմված  փրփրահեղուկով աշխատող CAFS հրդեհաշիջման համակարգը, որը մինչեւ 200 մետր բարձրության վրա հրդեհաշիջման հնարավորություն ունի, «Կոբրա» տիպի հիդրավլիկ հրշեջ-տեխնիկան։ «Կլոր-սեղան հանդիպումներ ունեցանք բոլոր հրամանատարների հետ։ Ջոկատներում առկա էին պարապմունքների համար նախատեսված հատուկ մարզասարքեր, որոնց շնորհիվ փրկարարները միշտ բարձր մարտական պատրաստվածություն ունեն։ Մեզ հետաքրքրեց հատկապես հրշեջ-ծառայության ֆեդերալ եւ քաղաքային տարանջատումը։ Քաղաքային իշխանություններն իրենք են հոգում հրշեջների տեխնիկական հագեցվածության հարցը»,- մանրամասնեց հրամանատարը։

Դասընթացի ավարտին տրվել է վկայական։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է խմբի ղեկավար Տիգրան Պետրոսյանը