Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 20 մեքենա

Արգելափակումից հանվել է 20 մեքենա

246
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 240 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 50 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 28 կեղծ կանչ:

Փրկարարները 83 կենցաղային կանչ են ստացել, որից 40-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջաններում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Երեք օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 20 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 32 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում եւ այլ հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջումն արտադրամասում», «Հրդեհաշիջումը տանիքում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ սեմինարներ: