Գլխավոր Վերլուծություն Սենդայի ծրագիրը 5 տարեկան է

Սենդայի ծրագիրը 5 տարեկան է

517
Տարածել

2015 թվականի մարտի 18-ին Ճապոնիայի Սենդայ քաղաքում, Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո անցկացված համաշխարհային համաժողովի արդյունքներով ընդունվեց «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագիրը»: Սենդայի ծրագիը ՄԱԿ-ի անդամ երկրների ընդունած ամենաընդարձակ ծրագիրն է`աղետների կորուստները նվազեցնելու նպատակով: Ծրագիրը վերաբերում է ինչպես բնական աղետներին, այնպես էլ տեխնածին վտանգներին, ռիսկերին՝ տեխնոլոգիական, բնապահպանական եւ կենսաբանական, ինչպիսին է նոր կորոնավիրուսը՝COVID-19-ը:

2018 թվականից գործում է Սենդայի ծրագրի իրականացման մոնիթորինգի առցանց համակարգը, որի օգնությամբ երկրները համակարգված զեկուցում են աղետների կորուստների մասին, ներառյալ մահացությունը, տուժածների քանակը, տնտեսական կորուստները, ենթակառուցվածքների վնասները: Մինչ օրս զեկույց է ներկայացրել ավելի քան 100 երկիր: 2018-ի թվականին հրապարակված զեկույցների համաձայն, 82 երկրում (ընդհանուր մոտ 4 միլիարդ բնակիչ) աղետներից զոհվել է 22 000 մարդ, 1900 մարդ անհետ կորել է: 72 երկրում (ընդհանուր մոտ 3,7 միլիարդ բնակիչ) 741 հազար մարդ է տուժել կամ հիվանդացել, 7,8 միլիոն մարդ կորցրել է տունը, տնտեսական կորուստները՝ 17,5 միլիարդ դոլար:

Աղետների ռիսկերի նվազեցման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզութորին վստահ է, որ մենք դեռ երկար ճանապարհ պիտի անցնենք աղետների կորուստների համապարփակ զեկույցներ ունենալու համար: COVID-19-ի համաճարակից ակնհայտ է, թե ինչու են կարեւոր նման զեկույցները՝ հավաքված տվյալներն օգնում են բարելավել ինչպես արձագանքման արդյունավետությունը, այնպես էլ պատրաստում հետագա իրադարձություններին:

ՄԱԿ-ի տվյալներով, «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2020 թվականների գործողությունների ծրագրին» միացած երկրներից 80-ը մշակել է աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարություն, որը համահունչ է Սենդայի ծրագրին:

Հայաստանը միացել է «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2020 թվականների գործողությունների ծրագրին», իսկ 2017 թվականին ընդունել աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարություն։

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ