Գլխավոր ՀՀ ԱԻՆ  «Ձնահյուսային պատրաստություն». Վերապատրաստում Ռուսաստանում

 «Ձնահյուսային պատրաստություն». Վերապատրաստում Ռուսաստանում

1176
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն՝ մարտի 1-10-ը Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայի Հանրապետության մայրաքաղաք Վլադիկավկազի «Ցեյ» ուսումնամարզական կենտրոնում անցկացվել է «Ձնահյուսային պատրաստություն» թեմայով վերապատրաստման դասընթաց:  Մասնակցել են Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ, ավագ լեյտենանտ Վահե Գեւորգյանը, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Արտակ Գալոյանը, ՀՆՓԱԻԿ ՓՋ լեռնափրկարար–դեսանտներ, փ/ծ ավագ  ենթասպա Վադիմ Սարկիսյանը, փ/ծ ավագ  ենթասպա Արամայիս Մանուկյանը,  փ/ծ ավագ  ենթասպա Աղասի Ավետիսյանը, փ/ծ  ավագ  ենթասպա Սամվել  Կոլյանը եւ փ/ծ ավագ  ենթասպա Գեորգի Մխիթարյանը, Աշտարակի ՀՓՋ-ի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Վահագն Կարապետյանը, Ապարանի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ-սերժանտ Գոռ Դավթյանը, Սպիտակի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար , փ/ծ ավագ-սերժանտ Տիգրան Դունամալյանը։

Դասընթացը ներառել է գործնական եւ տեսական մաս։ Հայ  փրկարարները ծանոթացել են ձնահյուսի առաջացման պատճառներին, որոնողոփրկարարական աշխատանքների կազմակերպմանը, լեռնափրկարարության անվտանգության կանոններին։ Գործնականում ուսումնասիրել են ձյան շերտերն ու կառուցվածքը, սովորել ձյան կշռով կանխատեսել վտանգները եւ գծել երթուղին։

Խմբի ղեկավար Վահե Գեւորգյանը նշում է՝ ձնահյուսի դեպքում լեռնափրկարարական աշխատանքն իր առանձնահատուկ բարդությունն ունի․ փրկարարը պետք է մանրամասն հաշվարկի քայլերը, որպեսզի ինքն էլ չհայտնվի տուժողի դերում։ Այսօր Հայաստանի եղանակային պայմանների փոփոխության պատճառով մեր երկրում ձնահյուսերը հաճախակի են դարձել։ «Ուսումնամարզական կենտրոնն իր կանոններն ուներ․ մեզ բացատրեցին, որ լեռնափրկարարության մեջ ամեն մանրուք կարեւոր է՝ սկսած համազգեստից։ Մեզ ուսուցանում էր 35 տարվա փորձով մասնագետ Իգոր Նիկոլայեւիչը։  Բարձրացանք Վլադիկավկազի ճոպանուղուն հարակից լեռները, որտեղ մինչեւ 3 մետր բարձրությամբ ձյուն կար։ Բարդ ռելիեֆային պայմաններում կարճ ժամանակում գտանք մանեքեն-տուժածներին եւ տեղափոխեցինք անվտանգ վայր։ Հասկացանք, թե ինչ կարեւոր  է լեռներում տուժած որոնելիս սեփական զգայարաններին ապավինելը», -մանրամասնեց խմբի ղեկավարը։

Գործնական աշխատանքներում կիրառվել են նորարարական սարքավորումներ՝ բիփերներ, որոնց միջոցով հնարավոր է գրեթե անսխալ որոշել տուժածի կոորդինատները։ Վահե Գեւորգյանի խոսքով՝ բիփերները ճոպանուղու այցելուների պարտադիր «աքսեսուար» են։ Ռուսաստանում օգտագործվում են նաեւ անվտանգության բարձիկներ, որոնք կարող են փրկել ձնահյուսի տակ հայտնվածին։ Ընդհանուր առմամբ՝ անվտանգության  հարցը Վլադիկավկազում խստորեն է դրված։ Լեռնադահուկորդների խմբերը պարտադիր պետք է ուղեկցորդ ունենան, վերելքները նախապես համաձայնեցվում են ոստիկանության եւ պաշտպանության նախարարության հետ։ Երբեմն առատ տեղումների պատճառով դրանք չեն թույլատրվում։

Լեռներում հայերը հանդիպել են դաղստանցի փրկարարների եւ ընկերացել։ Վահե Գեւորգյանը ժպիտով մտաբերում է ճոպանուղու աշխատակից մեր հայրենակցին, որը 20 տարի Հայաստանում չէր եղել եւ հայրենիքի կարոտն առել էր տղաների հետ զրույցից։

Դասընթացի ավարտին մասնակիցները քննություն են հանձնել ու ստացել վկայական։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Վահե Գեւորգյանը