Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները երեխային ազատել են զրուցարանի ճաղերից

Փրկարարները երեխային ազատել են զրուցարանի ճաղերից

778
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 576 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 375 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 26 կեղծ կանչ:

Փրկարարները 101 կենցաղային կանչ են ստացել, որից 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Մեկ օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 9 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 17 մարդ:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ամիրյան փողոցի բակերից մեկում երեխան արգելափակվել է զրուցարան-տաղավարի ճաղերի արանքում: Փրկարարները 6-ամյա տղային ազատել են ճաղերից: Արմավիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Նորապատ գյուղում քաղաքացին աշխատանքներ իրականացնելու նպատակով բարձրացել է արագ սննդի կետի տանիք, ինքնազգացողությունը վատացել է եւ չի կարողանում իջնել: Հրշեջ-փրկարաները 36-ամյա տղամարդուն իջեցրել են տանիքից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում եւ այլ հիմնարկներում կազմակերպել են «Տարհանում», «Հրդեհի դեպքում գործելակարգի, տարհանման ձեւերի ու միջոցների, հրդեհաշիջման սկզբնական միջոցների օգտագործման եղանակները», «Պատրաստվածությունը ուժեղ երկրաշարժին», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը», «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը օդային տագնապ ազդանշանի դեպքում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ սեմինարներ: