Գլխավոր Վերլուծություն Փրկարարները կմշակեն բարձրահարկ շենքերի հրդեհաշիջման օպերատիվ պլաններ

Փրկարարները կմշակեն բարձրահարկ շենքերի հրդեհաշիջման օպերատիվ պլաններ

1246
Տարածել

Հայաստանում ավելացել է բարձրահարկ (10 եւ ավելի հարկանի) շենքերի քանակը: Կառուցվել են թե բնակելի, թե առեւտրային բարձրահարկեր: Իսկ բարձրահարկ շենքերում հիդեհաշիջման աշխատանքները բարդ են. սկսած ջրի մղումից մինչեւ այրման արգասիքների արագ տարածում:

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանի ղեկավարությամբ, մշակվել է բարձրահարկ շենքերում հիդեհաշիջման աշխատանքների մեթոդական ուղեցույց: Սա հակիրճ ու ամփոփ տեղեկությունների ամբողջություն է. հրդեհաշիջման աշխատանքների առանձնահատկություններ, մարում, կառավարում եւ այլն:

Ըստ Սարգիս Կյուրեղյանի, ուղեցույցը մշակելիս ուսումնասիրվել են Ճապոնիայի, Ռուսաստանի փորձերը: Ճապոնիայում շարժական միջոցներով մարում են մինչեւ 4-րդ հարկի հրդեհները, 50 մետրից երկար ավտոսանդուղք չեն օգտագործում, շենքերն ունեն հակահրդեհային համակարգ, տարբեր հարկերում տեղադրված պոմպեր, ջրի տարողություններ, չծխալցվող եւ հոսանքի սեփական աղբյուրով աշխատող վերելակ, հրդեհի ժամանակ ավտոմատ բացվող եւ ծխալցումը բացառող պատուհան եւ այլն: Ռուսաստանում որոշ ժամանակ օգտագործել են 100 մետր երկարությամբ ավտոսանդուղք, սակայն մեծ ռիսկ կա. սանդուղքը ճոճվում է վտանգելով փրկարարի կյանքը: Ռուսաստանում օգտագործում են մեծ տրամագծով, բարձր ճնշման տակ աշխատող փողրակներ:

Բարձրահարկ շենքերում հիդեհաշիջման աշխատանքների մեթոդական ուղեցույցը տրամադրվել է ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական բոլոր ստորաբաժանումներին: Փրկարարները կուսումնասիրեն իրենց սպասարկման տարածքում կառուցված բարձրահարկ շենքերն ու մինչեւ այս տարվա սեպտեմբեր կկազմեն հրդեհաշիջման օպերատիվ պլանները, որոնցում նշված կլինի որտեղ են ջրի աղբյուրները, որ կողմից մոտենաս շենքին եւ այլն: Սա կօգնի, որ հրդեհի ժամանակ փրկարարները, պատկերավոր ասած, կուրորեն չգնան դեպքի վայր:

Բացի սրանից առաջիկայում ԱԻՆ-ը ձեռք կբերի 50 մետր երկարությամբ երկու ավտոսանդուղք: Սրանք եւս մեծապես կնպաստեն բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ