Գլխավոր Միջոցառումներ «Համայնքը պետք է լինի պահանջատեր»․ բնակչության պաշտպանության մասին օրինագծի քննարկում

«Համայնքը պետք է լինի պահանջատեր»․ բնակչության պաշտպանության մասին օրինագծի քննարկում

2022
Տարածել

Շարունակվում են «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները։ Այս անգամ նախագծի հեղինակները հանդիպեցին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։

Քննարկվեց ԱՌԿ ոլորտում տարածքային կառավարման մարմինների՝ մարզպետարանների, համայնքապետարանների նոր պարտականությունները, կարողությունների զարգացման խնդիրը եւ արտակարգ իրավիճակում գործողությունների ապակենտրոնացման մարտահրավերները։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը նշեց՝ սահմանափակ ռեսուրսներ ունեցող մարզպետարանները պետք է օժանդակեն աղետների ռիսկի կառավարման հարցում՝ առաջին հերթին ապահովելով իրենց աշխատակիցների անվտանգությունը։ Իսկ համայնքները պետք  է հստակ գիտակցեն, որ զարգացման տարբեր ծրագրերը կարող են հանգեցնել նոր ռիսկերի, եւ միայն ռիսկերի քարտեզ ունենալով՝ կարելի է գրավիչ բիզնես առաջարկներ մշակել։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ այսօր մեր համայնքները չունեն պլանավորման, մշտադիտարկման եւ այլ կարողություններ, անհրաժեշտ է կազմակերպել մարզպետների, համայնքապետերի, ձեռնարկությունների ղեկավարների ուսուցում, ինչը, նոր օրենքի նախագծով, ստանձնելու է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Մենք համայնքների խոշորացման գործընթացում ենք, որը կշարունակվի մոտ 3 տարի։ Համայնքային բյուջեներում չկան ռիսկերին ուղղված միջոցներ, այդ պատճառով պետք է սահմանել անցումային շրջան, հանդիպել տարածքային կառավարման բոլոր պատասախանատու անձանց հետ՝ հասկանալու, թե ինչ կարելի է նրանցից ակնկալել։ Փորձը ցույց է տալիս, որ ուղղակի պարտադրանքն անարդյունավետ է։ Այս ամենը կբերի նաեւ ֆինանսական ծախսերի ավելացման»,- ասաց Վարազդատ Կարապետյանը։

Արմեն Չիլինգարյանը հակառակ կարծիքի է․ եթե լինի օրենք, կգտնվեն ճանապարհներ։ Համայնքապետերն այսօր գործում են բացառապես օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում։ Նրանք պատրաստ են ավելի դիմակայուն դարձնել իրենց համայնքները։ Նման համագործակցության օրինակ է 2011 թվականից տեղական մակարդակում աղետների ռիսկի կառավարման մոդուլի կիրառությունը, որի շրջանակում գնահատվել է շուրջ 200 համայնք։ 9 քաղաք  այսօր ունի սեյսմիկ ռիսկի քարտեզ՝ Իտալիայում մշակված «Global earthquake model» ծրագրով․ 

«Պետք է համայնքին ուղղորդենք՝ ինչպես եւ ում միջոցով կատարել ռիսկերի գնահատում։ Համայնքն ինքը պիտի լինի պահանջատեր։ Այսօր համայնքների զարգացման համար պետությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում՝ առանց ռիսկերի հստակ պատկերի։ Օրինակ՝ Արթիկի սելավից առաջ խնդրի մասին բարձրաձայնել էին սելավատարի մատույցներում գտնվող դպրոցի ու մանկապարտեզի անձնակազմը։ Հնարավոր ռիսկի մասին մասնագիտական եզրակացություն էր տվել նաեւ  «Լոռէ» փրկարար ջոկատը։ Սակայն այս ամենը հաշվի չառնվեց, եւ արդյունքում հանքարդյունաբերական աղբի կուտակման պատճառով ունեցանք մեծ վնասներ։ Կամ տարիներ առաջ, երբ Զույգաղբյուր գյուղում խոսում էինք սելավատարի մաքրման անհրաժեշտությունից, բնակիչներն ընդդիմանում էին։ Այսօր նրանք իրենց միջոցներով աղբավայր են ստեղծել եւ հնարավորինս մաքուր են պահում սելավատարը։ Որքան թուլացնենք վերահսկողությունն ու հետաձգենք օրենքի կիրառությունը, այնքան ժամանակ կկորցնենք»։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը մատնանշեց ավտովթարների պատճառով մահացության տարեկան աճը եւ, ինչն ավելի ցավալի է, այս երեւույթի հանդեպ համատարած անտարբերությունը: Սա նշանակում է, ոչ այսօր դեռ չունենք անվտանգության միջավայր։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ ստեղծել աշխատանքային  խումբ եւ կառավարության օրակարգ մտցնել համայնքային կարողությունների զարգացման ծրագիր։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի