Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 37 մեքենա

Արգելափակումից հանվել է 37 մեքենա

2180
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 371 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 125 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 16 կեղծ կանչ:

Փրկարարները 116 կենցաղային կանչ են ստացել, որից 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Նոր Նորք, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Տավուշ, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 37 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 67 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում եւ այլ հիմնարկներում կազմակերպել են «Պատրաստվածությունը ուժեղ երկրաշարժերին», «Հրդեհի դեպքում գործելակարգի, տար­հանման ձեւերի ու միջոցների, հրդեհաշիջման սկզբնական միջոցների օգտագործման եղանակները», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը թատրոնում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում» եւ այլ թեմաներով սեմինարներ ու վարժանքներ: