Կլիմայի փոփոխությունն ու դրա հետեւանքները մեծ ազդեցություն ունեն առաջին հերթին երեխաների եւ երիտասարդների վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղահանության արդյունքում նրանք զրկվում են կացարանից, կրթության եւ այլ հնարավորություններից, որակյալ եւ անվտանգ սննդից։ Երեխաները նաեւ կրկնակի խոցելի են օդի աղտոտվածության նկատմամբ։
Ամբողջ աշխարհում այսօր կլիմայական ճգնաժամ է։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի խոսքով՝ մեր երկրում արձանագրվել է օդի ջերմաստիճանի բարձրացում 1,3 աստիճանով, ինչը հանգեցրել է տեղումների նվազման 9 տոկոսով։ Վառ օրինակ է վերջին երկու տարում Սեւանա լճի ծաղկումը։ Երաշտ, ջերմային ալիքներ, ջրհեղեղ, սողանք, կարկտահարություն եւ այլ արտակարգ իրավիճակներ․ սրանք կլիմայական փոփոխությունների հետեւանքներն են Հայաստանում:
Փետրվարի 25-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` UNICEF-ը եւ Ավստրիական զարգացման գործակալությունն ազդարարեցին «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» եռամյա ծրագրի մեկնարկը, որի նպատակն է Հայաստանում կապ ստեղծել երիտասարդների եւ իրենց համայնքների միջեւ՝ հանուն կլիմայական փոփոխությունների նվազեցման։ 1,8 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը ֆինանսավորում է Ավստրիական զարգացման գործակալությունը։
Ծրագրում ներգրավվելու են Հայաստանի 52 խոշորացված համայնքում բնակվող 12-18 տարեկան 28 հազար տղա եւ աղջիկ, իրականացվելու է 2470 ուսուցչի եւ վարչական աշխատակցի վերապատրաստում, հաստատվելու է համագործակցություն 530 մարզային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Աշխատանքն սկսվելու է անմիջապես դպրոցներից․ ուսուցիչները մշակելու են ուսումնական նյութեր կլիմայի փոփոխության եւ բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ 2022 թվականին նախատեսվում է ուսումնական հաստատություններում ունենալ համապատասխան գիտելիքով կլիմայական գործողությունների առաջնորդներ, 644 հազար կրթված բնակիչ, որոնք քայլեր կձեռնարկեն իրենց համայնքի, ընտանիքների եւ երեխաների վրա կլիմայական ռիսկերի ազդեցությունը նվազեցնելու նպատակով։ Հայսատանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշում է՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը եւ երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է լինեն յուրաքանչյուր երկրի պետական ռազմավարության բաղադրիչը։ Քաղաքացին պետք է իր դիրքորոշումն արտահայտելու ազատություն ունենա։
Հանածո վառելիք չունեցող Հայաստանը կլիմայի վրա ազդեցության առումով չեզոք գոտի է, այստեղ հիմնական խնդիրը տրանսպորտն է ։ 2015 թվականին դառնալով Փարիզյան համաձայնագրի կողմ՝ Հայաստանը մշակել է որոշ օրենսդրական նախագծեր, մասնավորապես՝ էլեկտրական տրանսպորտն ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ, ինչը, մասնագետների վստահեցմամբ, հանգեցրել է «կանաչ» փոխադրամիջոցների մեծ հոսքի։ Այս տարի նախատեսվում է համապետական ծառատունկ՝ 10 միլիոն տնկի, մինչեւ 2025 թվականն այս թիվը հասնելու է տարեկան 30 միլիոնի։ Կարեւորվում է դպրոցականների ակտիվ ներգրավվածությունը գործընթացին։
Այսօր երիտասարդների քաղաքացիական ակտիվության լավագույն օրինակներից է UNICEF-ի UPSHIFT Հայաստան ծրագրի շրջանակում ստեղծված Gyumriver թիմը:
Վարդանը, Ռիտան, Արուսյակն ու Աստղիկը նախորդ տարվանից նախաձեռնել են Գյումրի գետակն աղտոտումից փրկելու գործը։ Տեղական ինքնակառավարման մարմինների, բնապահպանների, տարբեր հասարարական կազմակերպությունների եւ բնակչության հետ հանդիպումների արդյունքում թիմին հաջողվել է հավաքել 80 կամավոր եւ իրականացնել երկօրյա շաբաթօրյակ՝ գետակը մաքրելով չորս մեքենա աղբից։ Տեղադրվել է աղբ մաքրող առաջին ցանցը։ Այսօր գետակի ամբողջ երկայնքով կան շուրջ 30 պաստառ՝ շրջակա միջավայրի պահպանության կոչերով։ Թիմի ջանքերով հրատարակվել են ուսուցողական թռուցիկներ։ Մայիսին նախատեսվում է երկրորդ մեծ շաբաթօրյակը։
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրն իրականացվելու է ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։ Ռիսկերի կանխարգելման գործում կներգրավիի նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի