Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն անսթափ քաղաքացուն հանել են ջրանցքից

Փրկարարներն անսթափ քաղաքացուն հանել են ջրանցքից

2092
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 280 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 56 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 13  կեղծ կանչ:

Փրկարարները 111 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Շենգավիթ, Կենտրոն, Աջափնյակ, Նոր-Նորք, Ավան,  Դավիթաշեն վարչական շրջաններում, Լոռիում, Արմավիրում, Արագածոտնում։  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 18 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 67 մարդ:

Այլ կանչեր. Խոշոր հրդեհ էր բռնկվել Ռուբինյանց փողոցի շենքերից մեկում։ Դեպքի վայրում են եղել թիվ 5, 11 հրշեջ-փրկարարական ջոկատների եւ թիվ 15  փրկարարական ջոկատի մարտական հաշվարկները։ Պահանջվել են հավելյալ ուժեր եւ ջրատար։ Այրվել է 23-րդ բնակարանն ամբողջությամբ, ջերմահարվել են վերեւի հարկերի բնակարանների պատուհանները։ Փրկարարները տարհանել են 7 բնակչի, ոչ ոք չի տուժել։

Քաղաքացին զանգահարել է եւ տեղեկացրել, որ գտնվում է օդանավակայանում  եւ պատրաստվում է պայթուցիկ սարք տեղադրել։ Փրկարարները եւ ոստիկանության կինոլոգիական խումբը ժամանման եւ մեկնման սպասասրահ­ներում, VIP սրահում եւ կայանատեղիներում իրականացրել են տարածքի հետախուզում, ինչի արդյունքում վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել:

Նոր Նորք վարչական շրջանի Մոլդո­վական փողոցի բնակիչն օգնություն է խնդրել՝ մատից մատանին հանելու համար։  Փրկարարներն ազատել են կնոջ մատը։

Ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրանցքը եւ ջրալցվում է։ Փրկարարները ոչ սթափ վիճակում գտնվող վարորդին դուրս են բերել ջրից եւ տեղափոխել թիվ 27 ՀՓՋ։