Գլխավոր Ուսուցողական նյութեր ԱՌԿ նոր ծրագիր՝ Ստեփավանում

ԱՌԿ նոր ծրագիր՝ Ստեփավանում

2100
Տարածել

Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցենք անվտանգ եւ կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում Հայկական կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի տարածքում ստեղծվել է «Արտակարգ իրավիճակների արձագանքման եւ հումանիտար աշխատանքների համակարգման» կենտրոն, որը 2018 թվականին տեխնիկապես վերազինվել է։ 

Կենտրոնը եզակի է, համարվում է համայնքի աղետների կառավարման պահուստային կենտրոն:

ՀԿԽԸ-ի պատվերով՝ «Լոկատր» կազմակերպությունը կենտրոնի համար մշակել է ծրագիր, որը հնարավորություն է տալիս իրականացնել Ստեփանավան քաղաքի աղետների ռիսկի ուսումնասիրություն, օրինակ՝ հաշվարկել սպառնացող վտանգի հնարավոր հետեւանքները եւ այդ դեպքում անհրաժեշտ արձագանքը:

ՀԿԽԸ Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ, «Լոռէ» փրկարար ջոկատի հրամանատար Արմեն Առաքելյանի խոսքով՝ ծրագիրը հնարավոր է կիրառել բոլոր համայնքներում։ Այն տեղեկություն է պարունակում քաղաքի օբյեկտների, ենթակառուցվածքների, կրթական եւ մշակութային օջախների տեղակայության եւ վտանգների,  արձագանքող ուժերի եւ համայնքի կարողությունների  մասին։ Մշակվել են սցենարներ առանձին արտակարգ իրավիճակների համար։ Օրինակ՝  կամուրջի փլուզման դեպքում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն փրկարարները, ո՞ր կողմից տուժածներին մոտեցնեն տեխնիկական միջոցները,  ի՞նչ օգնություն ցուցաբերեն փլուզված ճանապարհին հայտնված տուժածներին եւ տրանսպորտային միջոցներին եւ այլն։

Սցենարները մշակում են ՀԿԽԸ կամավորները, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներն ու դասախոսները՝ տեղական մակարդակում ռիսկերի կառավարման մեթոդաբանությամբ։

Ծրագիրը նախատեսված է կառավարման մարմինների եւ արձագանքող ուժերի օգտագործման համար՝ մարզպետարան, քաղաքապետարան, մարզային փրկարարական վարչություն եւ այլն։ Սերվերը հասանելի կլինի շուտով։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ