Գլխավոր Վերլուծություն Քննարկվում է «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը

Քննարկվում է «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը

2211
Տարածել

Փետրվարի 19-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացավ «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում:

Ելույթներով հանդես եկան Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը, այլք։

Ստորեւ՝ կարեւոր դիտարկումներ հանդիպումից։

1998 թվականին ընդունված «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով եւ ենթաօրենսդրական ակտերով լիարժեք ձեւակերպված չէ պետական կառավարման  համակարգի մարմինների լիազորությունների շրջանակը։ Աշխարհի մի շարք զարգացած երկրներում սահմանված են արտակարգ իրավիճակ եւ համապատասխան իրավական ռեժիմ հայտարարելու իրավական հիմքեր, այնինչ Հայաստանում առայսօր կանոնակարգված չեն արտակարգ իրավիճակին վերաբերող մի շարք պարտադիր ինստիտուցիոնալ գործընթացներ, մասնավորապես՝

  • Ո՞ր դեպքում, ի՞նչ իրադրությունում, հետեւանքների ծանրության ո՞ր աստիճանում եւ ի՞նչպիսի հանգամանքների առկայության պարագայում համայնքում, մարզում կամ ամբողջ հանրապետությունում կարող է հայտարարվել արտակարգ իրավիճակ եւ մտցվել արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմ
  • Ո՞րն է արտակարգ իրավիճակ հայտարարելու լիազորություններ ունեցող պետական մարմինների շրջանակը
  • Ի՞նչ ժամկետներում եւ եղանակով է հայտարարվում արտակարգ իրավիճակ
  • Ո՞րոնք են արտակարգ իրավիճակ հայտարարելու եւ իրավական ռեժիմ հաստատելու պատասխանա­տու մարմինների, կազ­մա­կերպությունների, բնակչության  իրավահա­րա­բերություն­նե­րը, կիրառվող սահմանափակումներն ու միջոցները:

Օրենքի նոր նախագիծը կարգավորում է երեք ուղղության՝ արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկի նվազեցման, վաղ վերականգնման եւ արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների պատշաճ ապահովումը, արտակարգ իրավիճակ հայտարարելու իրավական հիմքերը, հստակեցնում է արտակարգ իրավիճակի գոտու սահմանները, ԱԻ իրավական ռեժիմն ապահովող միջոցներն ու ուժերը, միջոցառումների համար պատասխանատու պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց։ Նախագիծը ոչ միայն կկարգավորի, այլեւ կխթանի արտակարգ իրավիճակներում նախատեսվող գործողությունների ապակենտրոնացումն ու կարողությունների զարգացումը, պետություն-մարզ-համայնք համագործակցության սերտացումը։ Փաստաթղթի  հիմքում համաշխարհային լավագույն փորձի ուսումնասիրությունն է։

Նոր օրենքի ընդունումը կբերի մասնավորապես «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխության։ Նախատեսվում է աղետների ռիսկի կառավարման գործում ՏԻ մարմիններին շնորհել ավելի ընդգրկուն իրավասություններ, ինչի շնորհիվ արձագանքումը կդառնա օպերատիվ, եւ կթեթեւանա աղետների կանխարգելման եւ բնակչության պաշտպանության ոլորտում պետության բեռը։ ՄԱԶԾ Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանի վստահեցմամբ՝ համայնքները գիտակցում են եւ պատրաստ են օժանդակել ԱՌԿ գործընթացին։ Դրա վկայությունը 2011 թվականից տեղական մակարդակում աղետների ռիսկի կառավարման մոդուլի կիրառությունն է շուրջ 200 համայնքում։ Արդյունքում 5 խոշորացված համայնք այսօր ունի ԱՌԿ պլան, իսկ 9 քաղաքում իրականացվել է սեյսմիկ ռիսկի մոդելավորում՝ Իտալիայում մշակված «Global earthquake model» ծրագրով: 

Համլետ Մաթեւոսյանը համայնքների հետ համագործակցության խնդրի լուծումը տեսնում է ՏԻ մարմինների եւ քաղաքացիների մտածողության փոփոխության մեջ։ ԱԻ նախարարությունը տարիներ շարունակ իրականացնում  է եւ պատրաստ է հավելյալ ռեսուրսներ տրամադրել համայնքներում ուսուցման համար։

Հաջորդ քայլը պետք է լինի ԱՌԿ ոլորտում ֆինանսական եւ գիտական ներդրումներ անելը, ինչը, Արմեն Չիլինգարյանի խոսքով, երկրի կայուն զարգացման միակ երաշխիքն է։ 1988 թվականին սեյսմիկ ռիսկի սխալ գնահատման պատճառով զոհվեց 25 հազար մարդ, այդուհանդերձ այսօր դեռ լիարժեք պատկերացում չունենք անվտանգության առումով «ռազմավարական կենտրոն» համարվող Երեւան քաղաքի սեյսմիկ ռիսկի մասին։ Ամեն տարի բնական երկրաբանական երեւույթները մեծ վնաս են հասցնում Հայաստանի տնտեսությանը, սակայն այդպես էլ հստակ մոտեցումներ չեն մշակվում։ Հնարավոր է կրկնակի քիչ միջոցներով կանխել  աղետը։

Նախագծի առանձին ենթակետերում անդրադարձ կա աղետի գոտում կամավորական աշխատանքներին։ Մասնագետների խոսքով՝ կամավորության մասին օրենքի մշակումը պետք է լինի առաջիկա կարեւոր քայլերից մեկը։

Մյուս հանձնաժողովների հետ վերջնական քննարկումից հետո լրամշակված նախագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ