Գլխավոր Սպիտակ-30 Նոր տանիքը՝ ապրելու հույս

Նոր տանիքը՝ ապրելու հույս

2194
Տարածել

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Ախուրյանի տարածաշրջանում մառախլապատ էր։ Ընդմիջման ժամին, երբ հրշեջները բակում էին, գետինն ուժեղ ցնցվեց, եւ թվաց՝ հողը շարժվում է։ Պետի հրահանգով՝ արագ բռնվեցին միմյանցից եւ կքանստեցին։ Դրսում կայանած «Գազ 52»  մակնիշի հրշեջ –մեքենան սկսեց շարժվել տղաների ուղղությամբ։

Փլուզվել էր հրշեջ մասին հարակից շենքը, կապ չկար։ «Մեքենաներն ավտոտնակից հանել տվեցի, ցանկանում էի Ներքին գործերի բաժնի կողմը գնալ, երբ լուր ստացա, որ Ախուրյանի դպրոցն է փլվել։ Մինչ շրջադարձ կկատարեի, երեխաներին օգնության վազող մարդիկ  լցվեցին մեքենան։ Շրջկենտրոն Ախուրյանում մոտ 500 զոհ ունեցանք »,- վերհիշում է հրշեջ մասի նախկին պետ, Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Ալեքսան Գյոզալյանը։

Ընտանիքն այդ պահին Լենինականում էր։ Նժդեհի հրապարակից մինչեւ տուն տանող ճանապարհը երկարում էր խցանումների պատճառով։ Միայն ծանոթ պատուհանից նշան անող ձեռք տեսնելով՝ սիրտը հովացավ։ Շարքից դուրս էին եկել մուտքի աստիճանավանդակները, բազմահարկ շենքի բնակիչներին տարհանեցին սանդուղքի օգնությամբ։

Հաջորդ կանգառը Կիրովականն էր, որտեղ եղբայրն էր բնակվում։ Ալեքսան Գյոզալյանի խոսքով՝ բազմաթիվ ճեղքվածքներով եւ երկաթգծի քանդված ռելսերով Նալբանդ գյուղից հետո քաղաքային լույսերն անիրական էին թվում։ Փողոցում նույնիսկ սիրահար զույգ կար։ Հրշեջներից տեղեկացավ, որ հարազատները ողջ են։ Վերադարձավ Լենինական։

Բազմաթիվ զոհեր կային Պոլիտեխնիկական ինստիտուտում եւ Լենինականի հղկող հաստոցների գործարանում, որտեղից փրկվել չէին կարողացել ստուգայցի մեկնած երկու հրշեջ տեսուչները։

Թիվ 5 երաժշտական դպրոցի շենքում Լենինականի հրշեջ մասի պետի նախաձեռնությամբ շտաբ ձեւավորվեց, փլատակների մաքրման աշխատանքներում ներգրավվեց Ախուրյանի, Լենինականի տեքստիլ կոմբինատի եւ օդանավակայանի հրշեջ մասերի ողջ տեխնիկան։ Կենտրոնական հրշեջ ծառայությունը հասցրեց հեղուկ վառելանյութ եւ սնունդ։ Բացի հրշեջ ծառայությունից՝ առաջին օրերին որեւէ պետական հիմնարկ չէր գործում։

Օրական մոտ 700 հրդեհի կանչ էր ստացվում, որոնցից միայն 40-ն էին կարողանում սպասարկել։ Եղել են դեպքեր, երբ գիշերը գործող դիակապտողները շրջակայքը լուսավորելու համար կրակ են վառել՝ ծխախեղդ անելով փլատակներում ողջ մնացածներին, ինչպես պատահեց Երեւանյան խճուղու ինը հարկանի շենքերից մեկում։ Աստիճանաբար հրդեհի կանչերի թիվը նվազեց  օրական մինչեւ 50-ի։

Ալեքսան Գյոզալյանը չի մոռանում այն երիտասարդներին, որոնք Լենինականի թաղերում շրջելով՝ տաք հարիսա եւ խաշլամա էին բաժանում աղետյալներին։ Մարդիկ, իրենց հարազատների տանը նստած, սպասում էին Ռուսաստանի խոստացած տնակներին։ Սկզբում հատուկ տեխնիկան բերեց վագոնները, ապա՝ տնակները։ Նոր տանիքն օգնեց վերագտնել ապրելու հույսը։

Շրջկենտրոն Ախուրյանում, որտեղ փլուզվել էին դպրոցը, մանկապարտեզը եւ բազմահարկ շենքերը, հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքներում մեծ օգնություն ցուցաբերեցին Մինվոդիի, Սեւաստոպոլի եւ Մախաչկալայի հրշեջները։ Միայն երկրաշարժից տասնյակ տարիներ անց՝ 2016 թվականին, շրջկենտրոնում երեք բնակելի շենք կառուցվեց, եւ երկար դեգերումներից հետո 104 ընտանիք տանտեր դարձավ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ