Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնություն է ցուցաբերվել 177 քաղաքացու

Օգնություն է ցուցաբերվել 177 քաղաքացու

2182
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 407 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 93 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 24 կեղծ կանչ:

Փրկարարները 158 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Շենգավիթ, Կենտրոն, Աջափնյակ, Նոր-Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն, Նուբարաշեն վարչական շրջաններում, Լոռիում, Շիրակում, Արմավիրում, Սյունիքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 57 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 177 մարդ:

Այլ կանչեր

Ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին «KRAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 600 մետր գլորվել ձորը։ Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին եւ մարտական հաշվարկով տեղափոխել Ճամբարակի  բուժկենտրոն։

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր մոտակայքում գտնվող շենքերից մեկի տանիքից նկատվել է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։ Պարզվել է, որ շենքի կաթսայատնից դուրս եկող գոլորշին թողել է ծխի տպավորություն։

Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին երթեւեկող քաղաքացիներից ստացվել են բազմաթիվ ահազանգեր՝ ձնաբքի պատճառով արգելափակված լինելու վերաբերյալ։ Այդ հատվածում եղել է մոտ 100 ավտոմեքենայի կուտակում: Հրշեջ-փրկարարները ոմանց տեղափոխել են թիվ 57 ՀՓՋ՝ գիշերակացի, մյուսներին՝ տրամա­դրել տաք թեյ եւ սուրճ:

Ահազանգ է ստացվել, որ «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» մոտակա գետնանցումից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել թիվ 8 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետնանցումում իրականացվող շինարարական աշխատանքների փոշին դիտվել է որպես ծուխ: