Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ․ ստորին վերջույթներ

Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ․ ստորին վերջույթներ

2099
Տարածել

Ստորին վերջույթի ոսկրերը խոշոր են եւ կրում են մարմնի ողջ ծանրությունը։ Ստորին վերջույթի ոսկրերի կոտրվածք կարող է առաջանալ մեծ ուժի ազդեցության տակ։

Ստորին վերջույթին արյուն է մատակարարում ազդրային զարկերակը, ազդոսկրի կոտրվածքի հետեւանքով այդ զարկերակը կարող է վնասվել՝ առաջացնելով կյանքին սպառնացող ուժեղ արյունահոսություն։

Ստորին վերջույթը կարող է վնասվել ոսկրամկանային համակարգին բնորոշ բոլոր ձեւերով՝ կոտրվածք, հոդախախտ, կապանների (հոդի մեջ կապող օղակ), մկանների ու ջլերի ձգում եւ  պատռվածք։ Ստորին վերջույթի վնասվածքները բաժանում են չորս խմբի՝ ազդոսկրի, ծնկահոդի, սրունքի, սրունքթաթային հոդի եւ ոտնաթաթի վնասվածքներ։

Ազդոսկրը մարմնի ամենախոշոր ոսկորն է, ծնկահոդը՝ մարմնի ամենաբարդ հոդը, իսկ սրունքի վնասվածքի ժամանակ մեծ է հավանականությունը, որ կոտրված կլինի միանգամից երկու ոսկոր։

Ստորին վերջույթի վնասվածքի դեպքում առաջին օգնությունը վնասված մասի անշարժացումն է։ Այս դեպքում անշարժացման լավագույն բեկակալն առողջ ոտքն է։ Վնասված ոտքն անշարժացրե՛ք՝ այն կապելով առողջ ոտքին, բացառելով վնասված մասի տեղաշարժը։ Վնասվածքի վրա կապեր մի՛ դրեք։ Միջազդրային եւ միջսրունքային մասերում փափուկ իրեր դրե՛ք՝ շոր, բարձ եւ այլն։ Անկախ վնասվածքի տեղից՝ անշարժացրե՛ք բոլոր երեք հոդերը՝ սրունքթաթային, ծնկային եւ կոնքազդրային։ Սրունքթաթային հոդի եւ ոտնաթաթի վնասվածքի ժամանակ անշարժացման համար օգտագործում են փափուկ բեկակալ՝ ծալած ծածկոց, բարձ։