Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ-ում կներդրվի խրախուսման բալային համակարգ

ԱԻՆ-ում կներդրվի խրախուսման բալային համակարգ

2702
Տարածել

Փետրվարի 5-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մամուլի ասուլիսում ամփոփեց նախորդ աշխատանքային տարին։

2019 թվականին պետբյուջեից նախարարությանը հատկացվել է 12,571 միլիարդ, 2020 թվականին՝ 15,184 միլիարդ դրամ։ Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ֆինանսական միջոցներն ուղղվելու են աշխատավարձերի բարձրացմանն ու պարգեւավճարների տրամադրմանը։ Մշակման փուլում է նոր բալային համակարգը, որի արդյունքներով խրախուսվելու են լավ աշխատողները։

Վերանորոգվել են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը եւ 34 հրշեջ-փրկարարական ջոկատ, գազաֆիկացվել է քաղաքացիական պաշտպանության 10 հավաքական կետ։ Ճապոնիայի կառավարությունը 2019-2020 թվականներին ԱԻՆ-ին նվիրել է 10 ամենագնաց եւ 40 հրշեջ-մեքենա, որոնք տրամադրվել են Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզային փրկարարական ստորաբաժանումներին: Փրկարար ծառայության ամբողջ անձնակազմն ապահովվել է հանդերձանքով, լուծվել է վառելիքաքսուքային նյութերի եւ հակահրդեհային առաջնային միջոցների խնդիրը, բարելավվել են ջոկատների շենքային պայմանները։

ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը կատարել է 3119 արտադրական վտանգավոր օբյեկտի փորձաքննություն, տրվել է 12253 փորձագիտական եզրակացություն։ Հարուցված 7 քրեական գործերից 4-ն անտառային հրդեհ հրահրելու վերաբերյալ է։

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» ուսուցանել եւ որակավորման բարձրացման դասընթացներ է անցկացրել 2200 քաղաքացու համար՝ 87 ուսումնական խմբում։

Շարունակվում է օպտիմալացման գործընթացը։ Նախատեսվում է կրճատել ԱԻՆ ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները։ Արդեն իսկ լուծարվել է «Աղետների բժշկության կենտրոնը», որը փոխարինվել է համապատասխան գործունեությամբ զբաղվող վարչությամբ։ Կենտրոնական ապարատի որոշ աշխատողներ տեղափոխվել են ավելի ցածր օղակներ։ Փակվել են Երեւանի վարչական շրջաններում գործող փրկարար ծառայության բաժինները, փոխարենը ոլորտի մասնագետներից ձեւավորվել է վարչություն, որի օպերատիվ շտաբը դեպքի վայրում համակարգելու է արձագանքող ուժերի գործողությունները։

Հաստիքների կրճատումից անմասն կմնա փրկարար ծառայությունը։ Ավելին՝ Երեւանի քաղաքապետարանի հետ բանակցություններ են ընթանում մայրաքաղաքում երկու նոր ջոկատի տարածքի ձեռքբերման վերաբերյալ։

ԱԻ նախարարի խոսքով՝ նախորդ տարի գրանցվել է հրդեհների զգալի աճ՝ 10237 դեպք (2018 թվականին՝ 6500), շատացել են նաեւ արտակարգ դեպք-պատահարները։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունը ստացել է 1,815 միլիոն ահազանգ, կատարվել է 16 413 ելք։

Դժվարանցանելի տարածքներում հրդեհաշիջման օպերատիվ կազմակերպման նպատակով ներկայումս ԱԻՆ-ը Շրջակա միջավայրի նախարարության հետ քննարկում է անտառամիջյան նոր ճանապարհների կառուցման եւ հների բարելավման հարցը։ «Բնապահպանները պնդում են, որ անտառում ճանապարհ բացել նշանակում է կտրել անտառն ու զարկ տալ որսագողությանը։ Այդպես չէ։ Այսօր հրշեջը կարող է չորս ժամ ոտքով բարձրանալ հրդեհի վայր՝ իր աշխատանքը կատարելու։ Հնարավոր է, օրինակ, Խոսրովի անտառում ճանապարհներ բացել՝ առանց ծառահատման։ Իսկ որսագողությունը վերահսկելու համար արգելոցներն ունեն աշխատակիցներ․ դա չպետք է մեզ խոչընդոտի»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը։

2020 թվականի անելիքներից են Ջերմուկ քաղաքի բազմաբնակարան շենքերի սեյսմիկ գնահատումը, կառավարության միջոցներով Երեւան քաղաքի համար 50 մետր աստիճանավանդակով 2 շարժասանդուղքի ձեռքբերումը, փրկարարական աշխատանքերում ավիացիայի ներգրավումը, հրշեջ-հենակետերի տեխնիկական զինումը, համայնքային կամավորների ուսուցումը եւ այլն։

Ասուլիսի ավարտին մարդկանց անվտանգության եւ փրկության թեմաներով «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխության հաղթող լրատվամիջոցների ներկայացուցիչները պարգեւատրվեցին «Լավագույնն ըստ մասնագիտության» վկայագրով։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ