Գլխավոր Ուսուցողական նյութեր ՄԱԿ-ն ընդունել է «կլիմայական փախստականի» ապաստանի իրավունքը

ՄԱԿ-ն ընդունել է «կլիմայական փախստականի» ապաստանի իրավունքը

2106
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների կոմիտեն քննելով Կիրիբաթիի քաղաքացու հայցն ընդեմ Նոր Զելանդիայի կառավարության որոշել է, որ կլիմայական փոփոխություններով պայմանավորված բնապահպանական արտակարգ իրավիճակների պատճառով սեփական երկիրը լքող եւ այլ պետություններում ապաստան հայցող մարդն ունի այդ իրավունքը, նման մարդուն չի կարելի արտաքսել:

Կիրիբաթիին (Republic of Kiribati) Խաղաղ օվկիանոսում 33 փոքրիկ կղզու վրա գտնվող մոտ 100 հազար բնակիչ ունեցող պետություն է: Գլոբալ տաքացման արդյունքում օվկիանոսի մակարդակը բարձրանում է եւ Կիրիբաթիի շատ տարածքներ ջրի տակ են մնացել, նվազել է գյուղատնտեսական հողերի մակերեսը: Կրիիբաթիի քաղաքացի Իոանե Թեյտիոտան դեռեւս 2005 թվականին ընտանիքով հասել էր Նոր Զելանդիա եւ ապաստան խնդրել, սակայն նրան մերժել էին եւ որոշել արտաքսել: Աշխարհում առաջին «կլիմայական փախստականն» էլ դիմել էր միջազգային կառույցներին՝ պնդելով, Կիրիբաթիում իրենց կյանքը վտանգված է:

ՄԱԿ-ի փորձագետները ուսումնասիրելով գործը գտել են, որ Կիրիբաթիի իշխանությունը օվկիանոսի մակարդակի բարձրացման դեմ պաշտպանիչ քայլեր անում է, մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն, նշել են նաեւ, որ հաշվի առնելով տարերային աղետների ու արտակարգ իրավիճակների աճը, մոլորակի բոլոր պետությունները հետայսու պետք է աջակցեն կլիմայական փոփոխությունների պատճառով հայրենիքը լքող մարդկանց, իսկ հնարավորության դեպքում՝ օգնեն կլիմայական փոփոխություններից տուժած եւ տուժող երկրներին:

«Կլիմայական փախստականները» պարտավոր չեն ապացուցել, որ իրենց երկրում կյանքը վտանգված է, քանի որ կլիմայական ռիսկերը լինում են թե հանկարծահաս՝ փոթորիկ, ջրհեղեղ եւ այլն, թե զարգացող՝ հողերի աղակալում եւ այլն: