Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱԻ նախարար. 2020-ին կհամալրվեն կանխարգելող եւ արագ արձագանքող ստորաբաժանումները

ԱԻ նախարար. 2020-ին կհամալրվեն կանխարգելող եւ արագ արձագանքող ստորաբաժանումները

2148
Տարածել

Փետրվարի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ կոլեգիայի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ԱԻՆ համակարգի կառուցվածքային եւ առանձնացված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: Ամփոփիչ զեկույցներ ներկայացրեցին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, ԱԻՆ  աշխատակազմի գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ներկայացնենք որոշ մեջբերումներ զեկույցներից:

Վրեժ Գաբրիելյան. 2019 թվականին «911» ծառայությունը 1,817 միլիոն զանգ է ստացել (2018 թվականին՝ 2,013 միլիոն): 2019-ին Հայաստանում գրանցվել է` 20 889 արտակարգ դեպք (2018 թվականին՝ 16 231), ինչի հետեւանքով զոհվել է 427 մարդ (2018 թվականին՝ 403), տուժել՝ 12 502 (2018 թվականին՝ 11 213): Փրկվել է 363 մարդու կյանք (2018 թվականին՝ 301): 2019 թվականին փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են 28 594 ելք (2018 թվականին՝ 22725). 16 413 հրդեհի ելք, փրկարարական եւ այլ աշխատանքների իրականացման նպատակով՝ 12 036 ելք, 1437 կեղծ ահազանգ եւ այլն:

Սրան զուգահեռ փրկարար ծառայությունն աշխատել է արտակարգ իրավիճակների կանխարգելման, քաղաքացիական պաշտպանության եւ բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման, կադրերի ընտրության, ուսուցման եւ տեղաբաշխման ուղղություններով: Փրկարար ծառայություն է ընդունվել 245 քաղաքացի: Փրկարար ծառայության բոլոր աշխատակիցներն ապահովված են համազգեստով եւ հանդերձանքով, իսկ ստորաբաժանումները՝ անհրաժեշտ քանակությամբ վառելիքաքսուքային նյութերով: «Ընդհանուր առմամբ փրկարար ծառայության փրկարարական եւ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները կարողացել են իրենց ամենօրյա, տքնաջան, ես կասեի նույնիսկ իրենց անձնազոհ աշխատանքի շնորհիվ անել ամեն ինչ, որպեսզի մեր հանրապետության բնակչությունը լինի առավել պաշտպանված մեր երկրին բնորոշ այնպիսի սպառնալիքներից, ինչպիսիք են հրդեհները, սողանքները, քարաթափումները եւ տեխնածին բնույթի առանձին աղետները», -արձանագրեց Վրեժ Գաբրիելյանը:

Վահագն Օհանյան. 2019 թվականին ՀՀ պետական բյուջեից ԱԻՆ-ին հատկացվել է 12,631 միլիարդ դրամ, իսկ 2020 թվականին՝ 15,308 միլիարդ:

Նյութական պահուստի համակարգի զարգացման բարեփոխումներն ապահովող իրավական դաշտի ստեղծման ու նյութական պահուստի արդիականացման եւ ընդլայնման նպատակով լրամշակվել, սահմանված կարգով շրջանառվել են օրենքների նախագծեր: Մշակվում է ՀՀ նյութական պահուստի զարգացման ռազմավարությունը: Կնքվել է 3119 արտադրական վտանգավոր օբյեկտում փորձաքննություն իրականացնելու պայմանագիր, 12253 արտադրական վտանգավոր օբյեկտի տրվել են փորձագիտական եզրակացություններ:

Կատարվել է սեյսմոլոգիական ցանցից ստացվող տվյալների վերլուծություն, երկրաշարժերի հիմնական պարամետրերի որոշում եւ երկրաշարժերի Ազգային կատալոգի լրացում, ուսումնասիրվել է առանձին պարամետրերով սեյսմածին անոմալիաների վիճակագրությունը: Հայաստանի տարածքում հետազոտվել եւ տրվել է տեխնիկական վիճակի եւ սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատման վերաբերյալ ընդհանուր թվով 108 եզրակացություն: Հավաքվել եւ վերլուծվել են 40 հանրակրթական դպրոցի եւ 24 մանկապարտեզի սեյսմիկ ռիսկի բաղադրիչների տվյալները: Սեյսմիկ ռիսկի գնահատման նպատակով շարունակվում են համայնքների քարտեզների թվայնացման եւ տվյալների բազայի համալրման աշխատանքները:

Համլետ  Մաթեւոսյան. 2019 թվականին «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» վերապատրաստման եւ որակի բարձրացման դասընթացներ են կազմակերպվել ղեկավար կազմի եւ մասնագետների, հրշեջ-փրկարարների համար, կազմակերպվել են բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստման, բնակչության ուսուցման ծրագրեր: Այսօր ակադեմիայում բակալավրի կրթական ծրագրով սովորում է 819, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 50, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 204 ուսանող: 2018, 2019 թվականներին ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներ աշխատանքի է ընդունվել ակադեմիայի շուրջ 70 շրջանավարտ:

Գիտական եւ փորձարարական աշխատանքներ են տարվել անօդաչու թռչող սարքերի ոլորտում, ձեռք է բերվել անօդաչու թռչող սարք։

Կոլեգիայի աշխատանքներն ամփոփեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ըստ նախարարի, անցյալ տարին ծանրաբեռնված է եղել բոլոր ուղղություններով, բոլոր աշխատակիցներին մեծ աշխատանքեն կատարել: Շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին, նախարարը կարեւորեց քաղաքացիների նկատմամբ բարեհամբյուր եւ հարգալից վերաբերմունքը: ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց նաեւ վետերաններին, հատկապես բարձրահարկ շենքերի հրդեհաշիջման աշխատանքներում մեթոդական աջակցություն ցուցաբերելու եւ արդյունավետ փորձը նոր սերնդին փոխանցելու համար: ԱԻՆ-ում մշակվում է աշխատանքի գնահատման բալային համակարգ, որի հիման վրա էլ աշխատակիցներն այսուհետ կստանան լրավճարներ:

Նախարարի խոսքով, պետք է ավելացվեն փրկարար ծառայության հաստիքները: Արդյունքում կհամալրվեն կանխարգելող եւ արագ արձագանքող ստորաբաժանումները՝ նպատակ ունենալով բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

Անցած տարի Լոռւ մարզում անտառային հրդեհի մարման ժամանակ հրշեջ-փրկարար զոհվեց: Ցավով հիշելով դեպքը, նախարարը նշեց, որ ստորաբաժանումների ղեկավարները պետք է ցուցաբերեն առավելագույն զգոնություն եւ զգուշավորություն փրկարարների աշխատանքը հնարավորինս անվտանգ կազմակերպելու համար:

Անվտանգ աշխատանքի բաղադրիչ է նաեւ տեխնիկական վերազինումը: Շուտով նախարարությունը մրցույթ կհայտարարի 50 եւ ավելի մետր բարձրության վրա հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար երկու ավտոսանդուղք ձեռք բերելու համար:

«Բարդ աշխատանքային տարի է սպասվում, կլիման չորային է, եւ պետք է պատրաստ լինել բոլոր մարտահրավերներին, բոլոր լավ աշխատակիցները գնահատվելու եւ խրախուսվելու են», — տեղեկացրեց նախարարը:

Նիստի ավարտին նախարարը  «Արիության համաստեղություն» ամենամսյա մրցանակաբաշխության հաղթողներին հանձնեց «Լավագույնն ըստ մասնագիտության» վկայականները: Իսկ 2019 թվականի ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու, մասնագիտական բարձր պատրաստականության համար մի խումբ փրկարարներ պարգեւատրվեցին վկայագրերով, մեդալներով, իսկ 10-ը՝ 500 000 դրամով: «Փառք ու պատիվ հայ փրկարարին», — ամփոփեց Ֆելիքս Ցոլակյանը:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ