Գլխավոր ՀՀ ՆԳՆ Կստեղծվի ԱԻՆ վետերանների տվյալների էլեկտրոնային արխիվ

Կստեղծվի ԱԻՆ վետերանների տվյալների էլեկտրոնային արխիվ

2297
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության «Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունն ամփոփում է նախորդ տարում կատարած աշխատանքը։

2019 թվականի մարտի 29-ին տեղի է ունեցել կազմակերպության հաշվետու-ընտրական ժողովը, որի ժամանակ ներկայացվել է ՀԿ-ի նոր կանոնադրությունը՝ համաձայն «Հասարակական կազմակերպությունների մասին»  ՀՀ օրենքի պահանջների, ընտրվել է խորհրդի նոր կազմ ՝ բաղկացած 11 հոգուց։ Հայաստանի փրկարար ծառայության Վետերանների խորհուրդը վերանվանվել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Վետերանների խորհուրդ։

Մայիս-հունիս ամիսներին  մարզերում կազմակերպվել են մարզային վետերանների խորհուրդների ընտրություններ։ Հունիսի 12-ին կազմակերպության նախագահն ու տեղակալը հանդիպել են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին։ Նախարարի հրամանով՝ վետերաններն այսուհետ ներգրավվելու են ծառայողական-մարտական պատրաստականության, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի քննարկման եւ մշակման աշխատանքներում: Վետերաններին տրվել է իրավունք ստուգողական այցեր կատարելու հրշեջ-փրկարարական ջոկատներ, մասնակցելու խոշոր դեպքերի վերլուծությանը եւ տակտիկական ուսումնավարժանքներին։

Որպես մասնագիտական օգնություն՝ մշակվել են նախարարության, դրա ստորաբաժանումների մասնաշենքերի,պահեստների, զորանոցների եւ տրանսպորտային միջոցների հրդեհաշիջման առաջնային միջոցների պահանջվող քանակի եւ տեսակի նորմատիվները։

Ընթացիկ տարում նախատեսվում է ՀՀ ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի քննարկմանը ներկայացնել միջոցառումների պլան, բանիմաց, ակտիվ վետերաններից, Մոսկվայի հրշեջ բարձրագույն դպրոցի բազմափորձ շրջանավարտներից կազմել աշխատանքային խումբ՝ հասարակական խորհրդում ընդգրկելու համար, ավարտին հասցնել վետերանների քարտադարանի հավաքագրումը, ստեղծել վետերանների տվյալների էլեկտրոնային արխիվ եւ հուշամատյաններ։ Վետերաններն ակտիվորեն կմասնակցեն թանգարանի համալրման աշխատանքներին, փորձի փոխանակման նպատակով կապեր կհաստատվեն արտերկրյա վետերանների խորհուրդների հետ, կանցկացվեն ինտելեկտուալ խաղերի, նարդու եւ շախմատի մրցումներ ուժային կառույցների մյուս վետերանների հետ:

Կազմակերպության խորհրդի նիստերն անցկացվելու են 3 ամիսը մեկ, իսկ մարզային վետերանների խորհուրդներինը՝ ոչ շուտ, քան 6 ամիսը մեկ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ