Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2106
Տարածել

2018 թվականի հունվարի 15-ի դրությամբ Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 18 793 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2019 թվականի հունվարի 15-ի տվյալներով՝ 19 814 արտադրական վտանգավոր օբյեկտ, իսկ դեկտեմբերի 13-ի դրությամբ՝ 20 874: 2020 թվականի հունվարի դրությամբ՝ 21 026 ԱՎՕ: Վերջին երկու տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 11,8 տոկոսով, վերջին մեկ ամսում՝ 0,7 տոկոսով:

Անցած տարի հանրապետությունում գրանցվել է 1188 արտադրական վտանգավոր օբյեկտ, 2020 թվականի սկզբից՝ 21 ԱՎՕ՝ ամբարձիչ սարքավորում, սլաքային ավտոմոբիլային կռունկ, գազային վաֆելային վառարան, գազի բալոններ տեղափոխող մեքենա եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների ավելի քան 30 տոկոսը (7635 միավոր) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` ավելի քան 3600, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: