Գլխավոր Վերլուծություն 336 հերթապահություն՝ հրդեհների կանխման նպատակով․ Երեւանի փրկարարական վարչություն

336 հերթապահություն՝ հրդեհների կանխման նպատակով․ Երեւանի փրկարարական վարչություն

2276
Տարածել

2019 թվականին Երեւան քաղաքում գրանցվել է 10824 արտակարգ դեպք (2018թ.` 8705), որոնց հետեւանքով զոհվել է 149, մարմնական վնասվածք ստացել 5200 մարդ։

5628 տեխնածին դեպքերից 4135 –ը հրդեհ է։  Խոշոր հրդեհներից հիշատակման են արժանի «Ձյունիկ սառնարան» ընկերության,  «Մալաթիա» առեւտրի կենտրոնի, «Էրեբունի» օդանավակայանի, Ազգային Ժողովի շենքի եւ անտառային խոշոր հրդեհների հրդեհաշիջման աշխատանքները: Սոցիալ-կենցաղային դեպքերից գրանցվել է 3544 թունավորման դեպք՝ 13 մահվան ելքով։

Մի շարք միջոցառումների ժամանակ հրդեհային անվտանգությունը ապահովելու նպատակով իրականացվել է 336 հերթապահություն:

Միջազգային համագործակցության շրջանակում Երեւան քաղաքի փրկարարական վարչությունը մասնակցել է միջազգային կազմակերպությունների կողմից Երեւան քաղաքում իրականացված ծրագրերի՝ Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության տեղեկատվական կառավարման համակարգի ուսուցման դասընթացին, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կայացած քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային բնույթի արտակարգ իրավիճակներին առաջինն արձագանքող միավորումների հրահանգիչների միջազգային դասընթացին եւ այլն։

Բնակչության պաշտպանության բնագավառում վարչությունն իրականացրել է՝

  • Երեւան քաղաքում համաճարակային վիճակի հսկողության ուղղությամբ միջոցառումներ՝ քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության եւ Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ։ Վերլուծվել է անասնաբուժական լաբորատորիաներից, հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության կայաններից ջրի վիճակի վերաբերյալ ստացված տեղեկատությունը։
  • Ուժեղացված ծառայություն վեց տեղամասերում՝ Հրազդանի կիրճ, Երեւանի հեռուստաաշտարակի հարակից տարածք, Հաղթանակի, Ծիծեռնակաբերդի, Արաբկիր զբոսայգիներ եւ Բուսաբանական այգի՝ հնարավոր հրդեհների կանխարգելման նպատակով։

Քաղաքապետարանի եւ վարչական շրջանների հետ համագործակցության արդյունքում ճշգրտվել եւ քաղաքապետի հաստատմանն է ներկայացվել «Երեւան քաղաքի անձնագիրը»։ Վարչության եւ քաղաքապետարանի աշխատակազմի վարչություններից կազմված աշխատանքային խումբը ներկայումս աշխատանքներ է տանում «Երեւան քաղաքի բնակչության համալիր անվտանգության ապահովման հայեցակարգի» մշակման ուղությամբ։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ