Գլխավոր Միջոցառումներ ՀՌՄԱԿ ուժերով կկազմակերպվի որակավորման բարձրացման 13 ծրագիր

ՀՌՄԱԿ ուժերով կկազմակերպվի որակավորման բարձրացման 13 ծրագիր

2327
Տարածել

Հաստատվել է Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանը, որի համաձայն՝  13 ծրագրով կվերապատրաստվի Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության 125 ծառայող:

Դասընթացների մի մասը կկազմակերպվի Ռուսաստանի տարբեր պրոֆիլային ուսումնական հաստատություններում՝ «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիա», «Հակահրդեհային ծառայության պետական ակադեմիա» եւ այլն, մի մասը՝ Հայաստանում կանցկացնեն ռուսաստանցի մասնագետները: Վերապատրաստման դասընթացների թեմաները ընտրում են Հայաստանի մասնագետները՝ ըստ մեր փրկարարների կարիքների եւ առաջնահերթությունների:

2020 թվականի համար ընտրված թեմաներն են. «Բարձրահարկ շենքերում խոշոր հրդեհների հրդեհաշիջման նորարարական մեթոդներ», «Գազածխապատ գոտում աշխատող մասնագետների պատրաստություն եւ հրդեհաշիջման ժամանակ ծխահեռացման կազմակերպում», «Անտառային հրդեհների հրդեհաշիջման մարտավարություն», «Ջրափրկարարական պատրաստություն», «Արտակարգ իրավիճակներում տուժածներին առաջին օգնության ցուցաբերում», «Հրդեհապայթյունավտանգ նյութերի հետ աշխատանքն ու անվտանգության հիմունքները», «Փրկարար ծառայության կինոլոգիական հաշվարկների պատրաստություն», «Արդյունաբերական ալպինիզմ», «Ձնահոսքի դեպքում մասնագիտական պատրաստություն» եւ այլն։

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը բացվել է 2016 թվականի մարտի 18-ին: Նպատակներից մեկն էլ արտակարգ իրավիճակների կանխման, վերացման, ճգնաժամային կառավարման ոլորտի մասնագետների որակավորման բարձրացումն է: 2017 թվականին կենտրոնի ջանքերով Ռուսաստանում վերապատրաստվել է 28 հայաստանցի փրկարար, 2018 թվականին՝ Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության 90 ծառայող 11 ծրագրով վերապատրաստվել է Ռուսաստանում, 174 փրկարար 16 ծրագրով՝ կենտրոնում՝ Ռուսաստանից ժամանած մասնագետների օգնությամբ: 2019 թվականին կենտրոնում 16 ծրագրով վերապատրաստվել է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության 187 ծառայող: Եվս 14 ծրագրով 113 փրկարար վերապատրաստման դասընթացների է մասնակցել Ռուսաստանի պրոֆիլային ուսումնական հաստատություններում:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ