Գլխավոր ՀՀ ՆԳՆ Ջերմուկում կիրականացվի բազմաբնակա­րան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատ­­ման պիլոտային ծրագիր

Ջերմուկում կիրականացվի բազմաբնակա­րան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատ­­ման պիլոտային ծրագիր

1593
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով կառավարությունն այսօր՝ հունվարի 23-ին հաստատել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քա­ղա­քի բազմաբնակա­րան բնակելի շենքերի սեյսմիկ խո­ցելիու­թյան գնահատ­­ման պիլոտային ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» մշակած ծրագրի նպատակն է գնահատել Ջերմուկ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը եւ սեյսմիկ ռիսկի նվազեցման առաջարկներ մշակել:

Ծրագրի ընթացքում կվերլուծվեն շենքերի նախագծային փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում կիրականացվեն չափագրման աշխատանքներ: Կուսումնասիրվեն շենքերի կրող կոնստրուկտիվ տարրերը, կգնահատվեն երկաթբետոնե ու մետաղական կոնստրուկցիաների վնասվածքների աստիճաններն ու առաջացման պատճառները, կորոշվեն բետոնի ամրության բնութագրերը, խտությունն ու որակը, կոնստրուկտիվ տարրերի միացումների որակը եւ այլն: Հետազննություններն ամբողջական դարձնելու համար նախատեսվում է օգտագործել կրող կոնստրուկտիվ տարրերի ամրության բնութագրերի որոշման ժամանակակից սարքավորումներ, թվային հեռաչափական լազերային գործիքներ, թվային ֆոտոխցիկներ, որոնց միջոցով կլուսանկարվեն կոնստրուկցիաներում բացահայտված վնասվածքները, թերությունները, դեֆորմացիաները, շենքերի ընդհանուր տեսքերը, որպեսզի դրանցից առավել բնութագրականները ֆիքսվեն եզրակացություններում: Ժամանակակից սեյսմիկ սարքավորումներով կորոշվեն ուսումնասիրվող շենքերի դինամիկ բնութագրերը:

Հետազոտման համար կընտրվի մոտ 10 շենք` տարբեր ծավալահատակա­գծային ու կոնստրուկտիվ լուծում­ներով եւ կառուցված տարբեր գրունտային պայմաններում:

Ջերմուկ քա­ղա­քի բազմաբնակա­րան բնակելի շենքերի սեյսմիկ խո­ցելիու­թյան գնահատ­­ման պիլոտային ծրագիրը կիրականացվի ՀՀ արտակարգ իրավի­ճակ­­ների նախարարության ռեսուրսների հաշվին: Նախնական տվյալներով կծախսվի մոտ 10 միլիոն դրամ: