Գլխավոր Միջոցառումներ Պարգեւներ՝ ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության համար

Պարգեւներ՝ ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության համար

2208
Տարածել

Հունվարի 21-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանին հանձնեց «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդման գործում ակտիվ մասնակցության համար» պատվոգիրը, իսկ ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման եւ միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանին՝ «Հավաքական անվտանգության ամրապնդման համար» մեդալը։

Պարգեւները հաստատվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։

Տեղեկանք

1992 թվականի մայիսի 15-ին Հայաստանը վավերացրեց Հավաքական անվտանգության պայմանագիրը եւ 2003 թվականից հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։ ՀԱՊԿ-ի շրջանակում գործում է անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհուրդ, որը տարեկան մեկ անգամ նիստ է գումարում՝ գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։

Կազմակերպության հետ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բազմամյա համագործակցության արդյունքները զգալի են։ Չորս տարի առաջ բացվեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որը ծառայում է տարածաշրջանային մակարդակում արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետեւանքների վերացմանն ուղղված հնարավորությունների, մեխանիզմների զարգացմանն ու հզորացմանը։ Այսօր կենտրոնի նախաձեռնությամբ տարբեր մասնագիտացում ունեցող հայ  փրկարարներն ուսուցում եւ վերապատրաստում են անցնում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Մեր փրկարարներն իրենց գիտելիքով բազմիցս աչքի են ընկել ՀԱՊԿ անդամ պետությունների ուսումնավարժությունների ժամանակ։